Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը դուրս մնաց չեմպիոնական պայքարից

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը դուրս մնաց չեմպիոնական պայքարից
Սպորտ
11:27, 19 ноябрь 2021
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Սլովենիայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում կրելով երրորդ անընդմեջ պարտությունը, գործնականում դուրս մնաց չեմպիոնական պայքարից:

Հերթական` 6-րդ տուրում, մեր շախմատիստուհիները զիջեցին Ուկրաինայի հավաքականին` 1,5:2,5: Այդպիսով, մեր թիմը մնաց առաջին երեք տուրերում վաստակած 6 միավորներով: Դա նշանակում է, որ մերոնք այլևս չեն կարող գրավել 1-ին տեղը, քանի որ առաջատարները հանդիպելու են միմյանց հետ և կամա թե ակամա միավորներ են վաստակելու վերջին երեք տուրերում և անհասանելի դառնան:

Հայաստանի հավաքականը դեռևս կարող է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը, սակայն դրա համար հարկավոր է հաղթել մնացած բոլոր հանդիպումներում, երկրորդ` գլխավոր մրցակիցները պետք է գոնե երկու պարտություն կրեն այդ ընթացքում:

Այսօր առաջնությունում կկայանան 7-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի կանանց հավաքականը կհանդիպի Սերբիայի հետ, որը վերջին երեք տուրում պարտություն չի կրել և վաստակել է 4 միավոր:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 9 միավորով բաժանում է 2-6-րդ տեղերը, ընթացիկ տուրում կմրցի Իսպանիայի ընտրանու հետ, որն ընդհանրապես պարտություն չի կրել առաջնությունում, և նույնիսկ ոչ-ոքի է խաղացել մրցաշարի միանձնյա առաջատար Ռուսաստանի հետ: