Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շախմատի թիմային ԵԱ․ Հայաստանը զբաղեցրեց 7-րդ տեղը

Շախմատի թիմային ԵԱ․ Հայաստանը զբաղեցրեց 7-րդ տեղը
Սպորտ
22:57, 22 ноябрь 2021
Սլովենիայում ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 12 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Հայաստանի հավաքականը, որը վերջին տուրից առաջ առաջատարն էր, 9-րդ տուրում մրցել է Ուկրաինայի թիմի հետ և 1-3 հաշվով պարտություն կրել։ Հայաստանի հավաքականի կազմում ոչ-ոքի են խաղացել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտություն են կրել։ Ի դեպ, սա Հայաստանի հավաքականի առաջին ու միակ պարտությունն էր Եվրոպայի թիմային առաջնությունում։

Նախորդ 8 տուրերում մեր թիմը 3,5։0,5 հաշվով հաղթել էր Բելգիայի, 2,5։1,5 հաշվով՝ Իսրայելի և Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Նորվեգիայի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսպանիայի թիմերի հետ, ինչպես նաև 3,5։0,5 հաշվով առավելության էր հասել Սերբիայի նկատմամբ։ Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է հենց Ուկրաինայի թիմը՝ վաստակած 14 միավորով։ Նույնքան միավոր է վաստակել նաև Ֆրանսիայի թիմը, որը վերջին տուրում 2,5։1,5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ, բայց ֆրանսիացիները լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։

Ի դեպ, ֆրանսիացիներին հաղթանակ է պարգևել իրանցի Ալիռեզա Ֆիրուջան՝ սպիտակներով հաղթելով Շահրիյար Մամեդյարովին։ Մյուս պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ Ֆրանսիան 20 տարվա մեջ առաջին անգամ է նվաճել թիմային ԵԱ-ի արծաթե մեդալները։ Լավագույն եռյակը եզրափակել է Լեհաստանի թիմը՝ 13 միավորով։ Կանանց Հայաստանի հավաքականն էլ, վերջին տուրում 3։1 հաշվով հաղթելով Չեխիայի թիմին, 10 միավորով գրավել է 11-րդ տեղը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսն ապահովել է Ռուսաստանի թիմը։