Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Աշխարհի առաջնության արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Աշխարհի առաջնության արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
21:51, 17 декабрь 2021
Տաշքենդում ավարտվել է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու մեդալ են նվաճել:

Վարազդատ Լալայանը (+109 կգ քաշային կարգ) դարձել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ երկամարտի 457 կգ արդյունքով (211+246), իսկ Գոռ Մինասյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 448 կգ արդյունքով (243+205): 22-ամյա Վարազդատ Լալայանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Աշխարհի առաջնությանը, պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել: Առաջին մոտեցմամբ Լալայանը գլխավերևում պահել է 202 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցման ժամանակ՝ 207 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 211 կգ-ն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը, պոկում վարժությունում ընդամենը մեկ կգ-ով զիջել է բրոնզե մեդալը նվաճած բուլղարացի ծանրորդ Էդուարդ Զյազուլինին և զբաղեցրել չորրորդ տեղը:
Առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրել է 205 կգ կշռող ծանրաձողը, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումները ձախողել է՝ չկարողանալով գլխավերևում պահել 213 կգ-ն: Այս վարժությունում փոքր ոսկե մեդալը նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ 225 կգ արդյունքով համաշխարհային նոր ռեկորդ սահմանելով:

Հրում վարժությունում Լալայանն առաջին մոտեցմամբ չի կարողացել ֆիքսել 240 կգ-ն, բայց երկրորդ և երրորդ մոտեցումները հաջող է կատարել՝ գլխավերևում պահելով նախ 242, ապա 246 կգ կշռող ծանրաձողը: Գոռ Մինասյանն առաջին մոտեցմամբ հրել է 240, իսկ երկրորդ մոտեցմամբ՝ 243 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Մինասյանը 253 կգ է պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել՝ նվաճելով Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: Աշխարհի չեմպիոնի կոչումը 5-րդ անգամ նվաճել է Լաշա Տալախաձեն:

Վրացի ծանրորդը երկամարտում գրանցել է 492 կգ (225+267): Տալախաձեն հրում վարժությունում ևս համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 267 կգ արդյունքով: Ավելի վաղ, 109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանն Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր էր դարձել:

Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրել էր 8-րդ տեղը, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ:

96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը B ենթախմբում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, նույն քաշային կարգի A ենթախմբում Հակոբ Մկրտչյանը գրավել էր 12-րդ տեղը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը փոքր բորնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը։

Հայաստանի հավաքականը ծանրամարտի Աշխարհի առաջնությանը մասնակցում էր 10 ներկայացուցչով: