Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը 2022-ին առաջին անգամ կհյուրընկալի միջազգային առարկայական օլիմպիադա. ԿԳՄՍ փոխնախարար

Հայաստանը 2022-ին առաջին անգամ կհյուրընկալի միջազգային առարկայական օլիմպիադա. ԿԳՄՍ փոխնախարար
Սպորտ
13:32, 23 декабрь 2021
2022 թվականին Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի միջազգային առարկայական օլիմպիադա: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարի խոսքով՝ դա կլինի մասնավորապես կենսաբանության միջազգային օլիմպիադան:

«Նախատեսված է, որ այն կանցկացվի 2022 թվականի հուլիսին: Ակնկալում ենք 80 երկրի մասնակցություն: Ընդհանուր առմամբ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մասնակիցներին, հաղթողներին տրամադրվում է կրթաթոշակներ»,- ասաց Անդրեասյանը:

Կրթության ներկայացուցիչն ասում է՝ Հայաստանն արդեն ունի միջազգային օլիմպիադաներից 46 մեդալ: 2021 թվականին 19 մեդալ ենք ստացել միջազգային առարկայական օլիմպիադաներից, 23-ը այլ միջազգային օլիմպիադաներից:

«Շատ կարևոր գործընթաց ենք իրականացրել նաև. կազմակերպեցինք համադպրոցական գիտության փառատոն, որին մասնակցեցին Երևանի և յոթ մարզերի 110 աշակերտ: Առավելագույն միավոր ստացած երկու խմբերը մասնակցեցին ԱՄՆ-ում կայացած միջազգային գիտատեխնիկական փառատոնին, որտեղ հարյուրավոր թիմեր էին մասնակցում, երկու խմբերից մեկը առաջի անգամ զբաղեցրեց 4-րդ տեղը: Այդ փառատոնը շարունակելու ենք մյուս տարի: Այս տարի իրականացնելու ենք նաև Քո գիտությունը դպրոցում փառատոնը»,- ասաց փոխնախարարը:

Կրթության ոլորտի ներկայացուցչի խոսքով՝ այդպիսի ծրագրերը շարունակական են լինելու: