Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել են ձմեռային 24-րդ oլիմպիական խաղերը. հայ մարզիկների մրցման ժամանակացույցը

Մեկնարկել են ձմեռային 24-րդ oլիմպիական խաղերը. հայ մարզիկների մրցման ժամանակացույցը
Սպորտ
20:20, 04 февраль 2022
Հայաստանը ձմեռային oլիմպիական խաղերում, ընդհանուր առմամբ, 6 ներկայացուցիչ կունենա, որից 4-ը դահուկորդներ՝ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ի դեպ, վերջինս դեռևս չի կարողացել մեկնել Պեկին կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը նույն պատճառով բաց է թողնում oլիմպիական խաղերը, նշում է՝ փետրվարի 5-ին Հարությունյանը ևս մեկ թեստ է հանձնելու. «Եթե թեստի պատասխանը բացասական եղավ, պետք է մտածենք՝ ինչ կարելի է անել, որ մեր մարզիկը հասնի Պեկին: Չվերթների խնդիր կա: Թիմերն oլիմպիական խաղերին մեկնում են չարթերային թռիչքներով, իսկ վերջին թռիչքը հունվարի 31-ին էր: ՀԱՕԿ-ի և ՄՕԿ-ի միջոցով պետք է փորձենք լուծել այդ հարցը»:

Ձմեռային oլիմպիական խաղերում Հարությունյանի մեկնարկը փետրվարի 13-ին է: Պեկին-2022-ը, ի դեպ, նրա առաջին օլիմպիական խաղերն են:
24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն փետրվարի 6-ին. այդ օրը Միքայել Միքայելյանը հանդես կգա սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում:

Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմ դասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի 15-ին է:
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է: