Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ, կանայք հաղթեցին Իսրայելին

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ, կանայք հաղթեցին Իսրայելին
Սպորտ
21:09, 05 август 2022


Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները:


Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է ԱՄՆ հավաքականի հետ և ոչ-ոքի խաղացել: Այս միավորի շնորհիվ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը 13 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ և 57-րդ քայլին հաղթանակի հասել, իսկ Հովհաննիսյանը դժվարին պայքարում առավելության է հասել Սեմ Շենքլանդի նկատմամբ՝ ոչ-ոքի պարգևելով Հայաստանի թիմին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի հետ և պարտություն կրել, Սամվել Տեր-Սահակյանն էլ զիջել է Լեյներ Դոմինգես Պերեսին:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց է թողել այս հանդիպումը:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5: 1,5):

Հայաստանի կանանց հավաքականն էլ 7-րդ տուրում ուժերը չափել է Իսրայելի թիմի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել: Առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մարսել Եֆրոիմսկիի, Լիլիթ Մկրտչյանը՝ Դինա Բալենկայայի, իսկ Աննա Սարգսյանը՝ Մաշա Կլինովայի հետ: Կանանց թիմի կազմում միակ հաղթանակը տարել է Սուսաննա Գաբոյանը՝ առավելության հասնելով Միչալ Լահավի նկատմամբ:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3,5:0,5) նկատմամբ, պարտվել է միայն Էստոնիային (1,5:2,5): Զավեն Անդրիասյանի թիմը 11 միավոր ունի իր ակտիվում:

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։