Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Գիլոյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մեդալակիր ըմբիշներին

Կարեն Գիլոյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մեդալակիր ըմբիշներին
Սպորտ
22:11, 05 август 2022
ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների ներկայացուցիչներին:
Պատանի և երիտասարդ ըմբիշները վերջերս մասնակցել են Եվրոպայի երիտասարդների, Եվրոպայի մինչև 15 տարեկանների, ինչպես նաև աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնություններին ու մի շարք մեդալներ նվաճել:

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, պատանեկան և երիտասարդական հավաքականների մարզիչներն ու մարզիկները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել է մեդալակիր մարզիկներին ու շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար. «Շնորհակալ եմ նաև ձեր մարզիչներին ու ֆեդերացիայի ղեկավարությանը: Իսկապես պատկառելի քանակի մեդալներ կան, և ես շատ ուրախ եմ, որ պետությունն արդեն կարողանում է ինչ-որ չափով այդ արդյունքներին համապատասխան գնահատական տալ»:

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ երիտասարդ ըմբիշները ևս ներառված են Փարիզ-2024-ի ծրագրի մեջ, որի շրջանակում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները պետական նպաստներ են ստանալու. «Բժշկական օգնության մասին էլ, հավանաբար, արդեն տեղյակ եք: Թանկարժեք, հրատապ բուժօգնությունից սկսած մինչև ամենատարրական միջամտությունը ձեզ համար այսուհետ անվճար կլինի: Մոսկվայից հրավիրված երկու շատ բարձրակարգ վնասվածքաբան է աշխատում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սպորտային բժշկության բաժանմունքում: Կենտրոնը նաև հագեցած է ամենաժամանակակից բժշկական սարքավորումներով: Անում ենք հնարավորը, որ այլևս խնդիրներ չունենաք: Ձեզանից մնում է միայն լավագույնս մարզվել, պայքարել և նախ Ձեզ, ապա երկրի համար տիտղոսներ և մեդալներ նվաճել: Առաջիկա մրցումներում էլ հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Ամեն ինչ ձեր ձեռքերում է»:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանն էլ շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ իրենց խնդիրներին արձագանքելու և հնարավորինս արագ լուծում տալու համար. «Գիտեմ, որ անում եք այն ամենը, ինչ Ձեզնից կախված է: Հասկանում ենք նաև, որ այս ծանր ժամանակներում շատ բարդություններ կան, և բոլոր հարցերն անմիջապես հնարավոր չէ լուծել»:

Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նաև երիտասարդ ըմբիշներին՝ դժվարին ժամանակներում մեդալներ նվաճելու և մեր ազգին ուրախություն պարգևելու համար:

Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Հռոմում անցկացված երիտասարդական ԵԱ-ում։ Հունահռոմեական ոճի ըմբիշներից ոսկե մեդալակիր էր դարձել 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, արծաթե մեդալ էր նվաճել Աշոտ Խաչատրյանը (67 կգ), իսկ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն ու 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Ազատ ոճայիններն էլ 3 ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ էին նվաճել։ Երիտասարդական ԵԱ-ի հաղթողի տիտղոսը նվաճել էին 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը։ Արծաթե մեդալակիր էր դարձել 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էր 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը։

Զագրեբում անցկացված Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ էին նվաճել: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանն ու 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կանգնել էին պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով արծաթե մեդալակիրներ: Արմեն Պապիկյանը (38 կգ) և Տիգրան Ըխտոյանն (48 կգ) էլ բրոնզե մեդալներ էին նվաճել:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ15 տարեկանների հավաքականի կազմում էլ մեդալ էր նվաճել միայն 41 կգ քաշային Յուրի Մխիթարյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականն էլ երկու բրոնզե մեդալ էր նվաճել Հռոմում անցկացված աշխարհի առաջնությունում: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էին Արման Հարությունյանը (45 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ): Հունահռոմեականների կազմում ոսկե մեդալակիր էր դարձել Գասպար Տերտերյանը (60 կգ ), իսկ բրոնզե մեդալակիր՝ 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը: