Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը եզրափակչում են

Ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը եզրափակչում են
Սպորտ
12:25, 18 октябрь 2022
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը աշխարհի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։ Կիսաեզրափակչում Ամոյանը 9։5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ։

Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1։1), 1/8 եզրափակչում 3։0 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթել էր ղրղըզ Ակիլբեկ Տալանտբեկովին:

Եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը։ Նա կիսաեզրափակիչ գոտեմարտում 6։4 հաշվով առավելության է հասել ղազախ Մակսատ Սաիլաուի նկատմամբ։ Ոսկե մեդալի համար Թադևոսյանը կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցչի հետ։

Գևորգ Թադևոսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ղրղըզ Ազատ Սալիդինովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 4։0 հաշվով պարտության մատնել հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի իսրայելցի ըմբիշի հետ և հաղթանակի դեպքում կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար։ Պողոսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 1։1 հաշվով հաղթել է մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Քառորդ եզրափակչում, սակայն, հայ ըմբիշը 1։3 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին։ Վերջինս հասել է եզրափակիչ, և Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել։

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարի դուրս կգան 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային ըմբիշները։ Հայաստանը կներկայացնեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ): Մինասյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Ձիմիստարիշվիլիի հետ: Սահակ Հովհաննիսյանը որակավորման փուլում ուժերը կչափի Շվեդիայի ներկայացուցչի հետ, Շանթ Խաչատրյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի վրացի Գեորգի Չխիկվաձեն, Գագիկ Հակոբյանը որակավորման փուլում ուժերը կչափի հույն ըմբիշի հետ, իսկ Հայկ Խլոյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Մուստաֆա Օլգունի հետ։