Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մունդիալ-2022. Բրազիլիան և Շվեյցարիան շարունակում են պայքարը փլեյ-օֆֆում

Մունդիալ-2022. Բրազիլիան և Շվեյցարիան շարունակում են պայքարը փլեյ-օֆֆում
Սպորտ
11:18, 03 декабрь 2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի վերջին տուրում միմյանց դեմ մրցեցին Կամերուն-Բրազիլիա, Սերբիա-Շվեյցարիա զույգերը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայի «974» մարզադաշտում Սերբիան ուժերը չափեց Շվեյցարիայի հետ: Մեկնարկային 15 րոպեների գերակտիվ գրոհները և հակագրոհները չէին եզրափակվում գոլով: Շվեյցարիան առաջինը կարողացավ իրացնել իր պահը: Դիպուկ հարվածով 20-րդ րոպեին աչքի ընկավ Շաքիրին: Սերբերը շատ արագ հետ բերեցին կորցրածը: 26-րդ րոպեին Ալեքսանդր Միտրովիչը գլխի հարվածով գրավեց դարպասը: 

Մինչ առաջին կեսի ավարտը երկու հավաքականները մեկական անգամ գրավեցին միմյանց դարպասը: Սերբիայի կազմում աչքի ընկավ Վլահովիչը, իսկ Շվեյցարիայից` Էմբոլոն: Երկրորդ կեսի մեկնարկում Շվեյցարիան կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Շաքիրին դարձավ դուբլի հեղինակ: Սերբիա-Շվեյցարիա` 2:3: Միաժամանակ ընթացող Կամերուն-Բրազիլիան խաղում առավելությունն աշխարհի 5-ակի չեմպիոնների օգտին էր: 

Բրազիլացիների առավելության մասին էր վկայում նաև վիճակագրությունը, որով «դեղինները» տիրում էին նախաձեռնությանը: Սակայն առաջին 45 րոպեներին այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսը ունեցավ առաջինի ընթացքը: Թիմերը գրոհում էին` դարպասի գրավում չկար: Սակայն հանդիպման ավելացված րոպեին Կամերունը խփեց հաղթական գնդակը: Աչքի ընկավ Վինսենթ Աբուբակարը: Վերջինս նաև կարմիր քարտ ստացավ և թողեց իր թիմին 10 ֆուտբոլիստով: Կամերուն-Բրազիլիա` 1:0: Ի վերջո G խմբից հաջորդ փուլ դուրս եկան Բրազիլիան և Շվեյցարիան: Կամերունը 3-րդն է, իսկ Սերբիան վերջին տեղում է: Ավելի վաղ կայացած H խմբի վերջին տուրում Կորեայի հավաքականը գերազանցելով Պորտուգալիային, հաղթահարեց խմբային փուլի արգելքը: Այս խմբի փլեյ-օֆֆ դուրս եկավ նաև Պորտուգալիան: 1/8 եզրափակչում Բրազիլիան կխաղա Հարավային Կորեայի դեմ, իսկ Շվեյցարիայի մրցակիցը կլինի Պորտուգալիան