Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանրամարտի երևանյան տոնին ընդառաջ. Նազիկ Ավդալյանը հնարավոր է ընդգրկվի ԵԱ-ի մրցավարական կազմում

Ծանրամարտի երևանյան տոնին ընդառաջ. Նազիկ Ավդալյանը հնարավոր է ընդգրկվի ԵԱ-ի մրցավարական կազմում
Սպորտ
22:33, 14 февраль 2023
«40 տարի առաջ՝ 1983 թվականին, Երևանում պետք է կայանար ծանրամարտի աշխարհի առաջնությունը. Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կառուցվել էր նաև այդ նպատակով: Ցավոք,այդ ժամանակ չստացվեց դա իրականացնել և Հայաստանում այլևս երբեք այդ կարգի մրցում չկազմակերպվեց»,- ArmSport-ի հետ զրույցում պատմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը

2023 թվականի գարնանը Հայաստանն ի վերջո խոշոր միջազգային մրցաշար կընդունի ծանրամարտից:  Ապրիլի 15-ից 23-ը Երևանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը  նաև վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնում՝ Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք ուժեղագույն կազմով, իսկ մեդալային հաշվարկով գոնե լավագույն եռյակում կլինենք. «Բնական է՝ կմասնակցենք մեր ուժեղագույն կազմով: Տանն ենք մասնակցում և բերկրանքի պահեր պարգևելը մեր խնդիրն է լինելու: Ամեն ինչ պետք է անենք, որ ուրախացնենք երկրպագուներին: Առավել քան վստահ եմ, որ Հայաստանը մեդալային հաշվարկով գոնե լավագույն եռյակում կլինի»:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությունում իրեն, հնարավոր է, փորձի բոլորովին նոր կարգավիճակում՝ աշխատելով որպես մրցավար:
Ծանրամարտում Հայաստանն արդեն ունի օլիմպիական մրցավար՝ Արայիկ Ալավերդյանը, որը հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի որդին է, և մեր երկիրը ներկայացնում է Եվրոպայի և աշխարհի առաջնություններում.

«Հուսամ՝ Արայիկը նաև Փարիզի Օլիմպիական խաղերում կլինի, թեև դեռ օլիմպիական մրցավարների կազմը հայտարարված չէ: Նա շատ փորձառու է: Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն էլ է ցանկանում իրեն փորձել մրցավարության մեջ: Շատ հույս ունեմ, որ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում նրան ևս կտեսնենք մրցավարների կազմում»,- ասում է Կարեն Գիլոյանը:

Սպասվում է, որ 40 երկրի շուրջ 500 ծանրորդ կժամանի Հայաստան: Տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում կխաղարկվի մեդալների 20 հավաքածու: Երևանում կայանալիք ԵԱ-ին ընդառաջ հիմնանորոգվում է Կիլիկիա մարզադահլիճը, որը Եվրոպայի առաջնության ժամանակ նախատեսված է լինելու բացառապես մարզումների համար.

«Եվրոպայի ֆեդերացիայից տեղեկացրին, որ այլ երկրներում մրցումային հարթակները պատրաստվում են ձեռքով, ինքնակուռ են: Հայաստանն ու Մոսկվան ունեն բոլոր չափորոշիչներին համապատասխան Eleiko հարթակ, որը կտեղադրվի բուն մրցման ժամանակ, իսկ հետագայում երկար տարիներ կծառայի հայկական ծանրամարտին: Արդեն իսկ 570 մլն դրամ արժողությամբ մարզագույք ենք ձեռք բերել՝ ծանրաձողեր, քարեր, հարթակներ: Կարծում եմ՝ 20 տարի մենք գույքի կարիք այլևս չենք ունենա»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ԿԳՄՍ նախարարությանը լրացուցիչ շուրջ 214,6 մլն դրամ գումար հատկացնելու նախագիծը՝ 2023 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար:

Հայաստանի Հանրապետության՝ 2023 թվականի պետական բյուջեով Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման համար հատկացված է ավելի քան 990 մլն դրամ: Այժմ լրացուցիչ 214,6 մլն դրամ գումար հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել:

Նշենք նաև, որ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, փետրվարի 1-ից 17-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Եվս մեկ հավաք թիմն առաջիկա օրերին կանցկացնի Օլիմպավանում:
Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: