Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գանայի հավաքականի և «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստը զոհվել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

Գանայի հավաքականի և «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստը զոհվել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով
Սպորտ
15:31, 18 февраль 2023
Թուրքական «Հաթայսփոր» ֆուտբոլային ակումբի գանացի ֆուտբոլիստ Քրիստիան Ատսուն, զոհվել է Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ֆուտբոլիստի գործակալ Նանա Սեշերին:

Ֆուտբոլիստի գործակալը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Ատսուի դին դուրս են բերել փլատակներից: «Սրտի մեծ ցավով ցանկանում եմ հայտնել, որ հայտնաբերվել է Ատսուի դին: Խորապես ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին և հարազատներին: Ցանկանում եմ օգտվել հնարավորությունից և շնորհակալություն հայտնել բոլորին իրենց աղոթքների և աջակցության համար»,- գրել է Նանա Սեշերը:
31-ամյա Ատսուն անհետ կորած էր համարվում փետրվարի 6-ից, երբ տեղի ունեցավ աղետալի երկրաշարժը:

Ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ակումբը՝ «Հաթայսփոր»-ը: «Խոսքեր չկան նկարագրելու մեր ցավը: Մենք երբեք չենք մոռանա քեզ, Ատսու: Հանգչիր խաղաղությամբ, հիասքանչ մարդ»,- ասված է ակումբի թվիթերյան գրառման մեջ:

Ատսուն թուրքական «Հաթայսփոր» ակումբին միացել էր 2022 թվականի սեպտեմբերին՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդ» ակումբում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո:

Ատսուն կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև պորտուգալական «Պորտու»-ում, անգլիական «Չելսի»-ում, «Նյուքասլ»-ում, «Էվերթոն»-ում և «Բորնմութ»-ում: Ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ ցավակցել են նաև «Չելսի»-ն, «Նյուքասլ»-ն ու «Էվերթոն»-ը: 
Քրիստիան Ատսուն 2012-2019 թվականներին նաև հանդես է եկել Գանայի ազգային հավաքականում: 2015 թվականին նա օգնել է իր հավաքականին հասնել Աֆրիկայի գավաթի եզրափակիչ, որտեղ Գանան 11 մետրանոց հարվածաշարում պարտվել է Կոտդիվուարի հավաքականին: