Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ֆուտբոլի ընտրանու մարզիչը վերլուծությունները մի կողմ դրած է մոտենում Հայաստանի դեմ խաղին

Թուրքիայի ֆուտբոլի ընտրանու մարզիչը վերլուծությունները մի կողմ դրած է մոտենում Հայաստանի դեմ խաղին
Սպորտ
20:37, 24 март 2023
Թուրքիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը և Թուրքիայի ֆուտբոլի ընտրանու անդամ Չենգիզ Գունդերը խոսել են Հայաստանի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղի մասին:

«Մեր թիմը ուժեղ է և այժմ լավ մարզավիճակում ենք: Մեր նպատակն է երեք միավորով հեռանալ և պատրաստվել հաջորդ խաղին: Նպատակը մեկն է` հաղթել առաջիկա խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ զրույցում ասաց  Գունդերը: Վերջինս  առանձնացրեց, որ Թուրքիայի հավաքականը ժամանակի հետ լավ փորձառություն է հավաքում:

Թուրքիայի ընտրանու մարզիչ Շտեֆան Կունցի գլխավորած թիմը Հայաստանի դեմ խաղին մոտենում է ոչ լուրջ կորուստներով:
«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մինչ կորոնավիրուսի պանդեմիան մեծ ազդեցություն ուներ իսպանական ֆուտբոլից, բայց հիմա փոփոխվել է կազմը և նոր մարզիչ կա: Թիմն ունի ավելի երիտասարդ կազմ: Հայաստանի հավաքականում են խաղում «Բավարիա»-ի երկրորդ թիմից և ռուսական լիգայում խաղացող ֆուտբոլիստները: Հիմա նախկին վերլուծությունները մի կողմ եմ թողնում և մտածում եմ միայն իմ թիմի և առաջիկա խաղի մասին»,-ասաց  գերմանացի մասնագետը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: