Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մխիթարյանի հրաժեշտի խաղը «Ռոմայում»․ Իրականում ինչու է հեռանում հայ կիսապաշտպանը

Մխիթարյանի հրաժեշտի խաղը «Ռոմայում»․ Իրականում ինչու է հեռանում հայ կիսապաշտպանը
Սպորտ
17:20, 22 май 2021
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վաղը վերջին հանդիպումը կանցկացնի «Ռոմայի» կազմում։

Այս մասին գրում են իտալական լրատվամիջոցները։ Իտալիայի առաջնության վերջին տուրի շրջանակներում «Ռոման» կհյուրընկալվի «Սպեցիային»։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին, ավարտվում է նաև Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ և հայ կիսապաշտպանը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ։ Հռոմի թիմից հեռանալու հիմնական պատճառ նշվում է Մխիթարյանի և «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ոչ այնքան ջերմ հարաբերությունները, բայց Մոուրինյոն պատրաստակամություն էր հայտնել աշխատելու հայ ֆուտբոլիստի հետ, որի գրանցած արդյունքն ընթացիկ մրցաշրջանում լավագույններից է Ա սերիայի կիսապաշտպանների շարքում։ Այո, Մխիթարյանը լավագույններից է Իտալիայում և բնական է, որ Մոուրինյոն չի ցանկանում կորցնել նման որակի ֆուտբոլիստի։ 

Մխիթարյանն իր հերթին ցանկություն էր հայտնել խոսել պորտուգալացի մասնագետի հետ։ Իտալական մամուլում վերջին օրերին շատ է խոսվում Մխիթարյանի «Միլան» տեղափոխվելու մասին։ Մասնավորապես, նշվում է, որ «Միլանը» պատրաստ է բավարարել Մխիթարյանի և վերջինիս գործակալ Մինո Ռայոլայի պահանջները։ Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկելով իտալական թոփ ակումբներին պահանջել է նվազագույնը 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ: Ըստ տեղեկությունների Ռայոլայի առաջարկը լրջորեն դիտարկում է «Միլանը», որի համար գրավիչ տարբերակ է Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ ստանալ ազատ գործակալի կարգավիճակով: Բացի այդ, «Միլանի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուի պայմանագրի ժամկետը նույնպես սպառվում է, և նա կարող է փոխել թիմը: Վերլուծելով վերջին զարգացումները կարող ենք ասել, որ Մխիթարյանի «Ռոմայից» հեռանալու իրական պատճառը ֆինանսներն են։ Ավելի ստույգ «Ռոման» պատրաստ չէ բավարարել Մխիթարյանի և Ռայոլայի պահանջը։ Բնական է, որ «Ռոման» հայ ֆուտբոլիստին ներկայացրած կլինի նոր պայմանագրի իր պայմանները։ Պարզ է նաև, որ դրանց հետ համաձայնվելու պարագայում գործարքն արդեն իսկ կայացած կլիներ։ Բանակցությունները «Ռոմայի» և Ռայոլայի միջև երկար են տևել։ Այն, որ իտալացի գործակալը Մխիթարյանի ծառայություններն այլ ակումբների վկայում է, որ «Ռոման» որոշում է կայացրել բաց թողնել մեր ազգային հավաքականի ավագին։ «Ուրախ եմ այստեղ լինելուս համար:   

Մինչ գալս ինձ համար շատ դժվար ժամանակներ էին:Ես հեռացել եմ Անգլիայից ու չեմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն «Ռոմայում» եմ, ուզում եմ կենտրոնանալ Իտալիայի առաջնության վրա: Չեմ կարծում «Ռոմա» տեղափոխությունը հետքայլ է, որովհետև «Ռոման» մեծ ակումբ է, բոլորը գիտեն այդ մասին:

Գուցե, ես չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին ու կարծում եմ՝ նորմալ է, երևի, ժամանակն էր ինչ-որ բան փոխելու: Ես Ա սերիայում խաղալու հնարավորություն ստացա: Շատ խաղացողներից էի լսել, որ այս լիգան հիանալի է ու փորձեցի գալ ու ինքս տեսնել դա: Կարևորն այն չէ, թե որտեղ ես խաղում, կարևորն այն է, որ հաճույք ստանաս քո խաղից: «Արսենալում» անցկացրած վերջին ամսում հաճույք չէի ստանում ու որոշեցի գալ «Ռոմա», որպեսզի կրկին երջանիկ լինեմ ու հաճույք ստանամ ֆուտբոլից»,- այս մասին Մխիթարյանը հայտարարել էր «Ռոմայի» հետ պայմանագիր կնքելուց հետո։ Այսօր խոսում ենք լեգենդար հայ ֆուտբոլիստի ևս մի ժամանակաշրջանի ավարտի մասին։   

Հավանականությունը մեծ է սակայն, որ հայ ֆուտբոլիստը գալիք մրցաշրջանում ևս հանդես կգա Ա սերիայում։ Իտալական լիգայում Մխիթարյանն իր բարձրության վրա է և նրա այլ առաջնություն տեղափոխվելը այնքան էլ ճիշտ չի լինի։