Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալ. հայ սամբիստները թիմային հաշվարկում երկրորդն են Եվրոպայում

2 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալ. հայ սամբիստները թիմային հաշվարկում երկրորդն են Եվրոպայում
Սպորտ
20:10, 21 апрель 2023
Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով երկու ոսկեմեկ արծաթե և չորս բրոնզե մեդալ:
Երեկ՝ մրցումային երկրորդ օրը մրցասպարեզ դուրս եկած Հայաստանի 6 ներկայացուցիչներից 3-ը մեդալներ են նվաճել:

Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ու ոսկե մեդալին արժանացել է մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը: Եզրափակչում արցախցի մարզիկը պետք է մրցեր Բելառուսը ներկայացնող Ռաման Դամյուի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է գոտեմարտել և Ավանեսյանը ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն:

Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է կանանց 54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը: Հայ մարզուհին եզրափակչում զիջել է ռուսաստանցի Մարգարիտա Բարնևային և նվաճել արծաթե մեդալ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանն զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել է բրոնզե մեդալի:

Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, մարզական սամբոյի 64 և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալներ էին արժանացել, համապատասխանաբար, Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային կարգում՝ Մխիթար Մխիթարյանը:

Ապրիլի 21-ին «Ռոմեմա արենայի» մրացագորգերը կտրամադրվեն երիտասարդներին, ապրիլի 22-ին՝ դեռահասներին, իսկ առաջնության վերջին օրը՝ ապրիլի 23-ին, պատանիներին:

Իսրայել են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սմբատ Հովհաննիսյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Մարտին Միրզոյանը և Ազատ Անդրյանը: