Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը երևանյան առաջնությունը վերջին 10 տարիների լավագույնն է համարում

Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը երևանյան առաջնությունը վերջին 10 տարիների լավագույնն է համարում
Սպորտ
20:55, 21 апрель 2023
Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրերից Թուրքիայի մարզիկները 6 ոսկե մեդալ են նվաճել։ Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Թալաթ Ունլյուն մեծ ուրախությամբ է նշում այս փաստը։ Նրա գնահատմամբ՝ առաջնությունը շատ լավ է կազմակերպվել Հայաստանում։ 

«Շատ լուրջ և լավ պատրաստություն են տեսել կազմակերպիչները, մեզ տխրեցնող միակ բանը բոլորիդ հայտնի դրվագն է՝ մի ցուցարարի անհարգալից արարքով: Իսկապես, շատ ջանք է գործադրվել, ես մեր երկրի հեռուստատեսությանն էլ ասել եմ նույնը բանը, որ սա վերջին տասը տարում լավագույնս կազմակերպված Եվրոպայի առաջնությունն է: Ինչպես արդեն իսկ նշեցի, եթե չլիներ առաջին օրվա այդ դրվագը, երբ վառվեց Ադրբեջանի դրոշը, ապա ամեն բան կատարյալ կլիներ: Մեզ համար այստեղ ամեն բան հաշվի է առնված, խնդիրներ չունենք, նույնիսկ չափից շատ բան էր արվել, ինչից մենք մեզ անհարմար էինք զգում: Սակայն հասկանում ենք, որ արվել է այն, ինչ պետք է արվեր, դա նույնպես շատ լավ է կազմակերպված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թալաթ Ունլյուն:

Միջադեպից հետո Հայաստանի Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը վստահեցրել էր՝ միջադեպը շատ արագ հարթվել է, Ադրբեջանի ներկայացուցչին տրամադրվել է նոր դրոշ, ինչն ապահովել է արարողության հետագա կանոնավոր ընթացքը։ Թալաթ Ունլյուի խոսքով՝ բացի այս միջադեպից որևէ այլ խնդրի չեն բախվել այս ամբողջ ընթացքում.

«Մենք այստեղ լուրջ խնդրի հետ չենք առնչվել, ինչպես որ ասացի, շատ խիստ կերպով հաշվի են առնվել անվտանգային բոլոր նկատառումները, նույնիսկ կարծում ենք, որ այս ամենի կարիքը չկար»,- նշում է նա:

Թուրքիան լինելու է հաջորդ երկիրը, որը կհյուրընկալի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են Անթալիայում։ Հիմա ուշադրությամբ հետևում են Հայաստանի կազմակերպչական աշխատանքներին, որպեսզի կարողանան նույն բարձր մակարդակով կազմակերպել հաջորդ տարվա առաջնությունը. 
«Ես այս առաջնության բոլոր օրերին այստեղ եմ լինելու, քանի որ մեր այստեղ գալու հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ տեսնենք՝ ինչպես է կազմակերպվել: Իհարկե, թույլտվություն խնդրելով՝ մրցման և մարզման սրահներից լուսանկարներ եմ արել, տեսանյութեր նկարել, որպեսզի մենք էլ կարողանանք լավագույնս պատրաստվել առաջնությանը։ Այսպիսի տեղեկություններ և խորհրդատվություններ ստացանք կազմակերպիչներից: Մեզ այդ առումով օգնեցին, ինչի համար մենք շնորհակալ ենք»,- ասում է Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը:

Թուրքիայի հավաքականի մարզիկ Նուրայ Գյունգյորն առաջնության ոսկե մեդալակիրներից է։ Մարզիկը դժվարանում է նկարագրել զգացողությունները, ուրախ է, որ կարողացավ հաջող ելույթ ունենալ Հայաստանում: Ծանրամարտիկի գնահատմամբ՝ Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով է կազմակերպվել Հայաստանում. 
«Միջոցառումը շատ լավ է անցնում, շատ լավ է կազմակերպվել, որի համար շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին: Մենք գոհ ենք, ամեն բան շատ լավ է»,- ասաց Գյունգորը:

 Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն իրենց ուժերն են փորձում 300-ից ավելի մարզիկներ՝ մոտ 40 երկրից։ Առաջնության ավարտին մնացել են հաշված օրեր, իսկ մրցակցությունն օրեցօր թեժանում է։