Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում ընթացող բռնցքամարտի ԵԱ-ի եզրափակիչում Հայաստանն ունի 3 մասնակից. 9 բռնցքամարտիկ նվաճել է բրոնզե մեդալ

Երևանում ընթացող բռնցքամարտի ԵԱ-ի եզրափակիչում Հայաստանն ունի 3 մասնակից. 9 բռնցքամարտիկ նվաճել է բրոնզե մեդալ
Սպորտ
22:37, 01 май 2023

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին Երևանում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչում ունի 3 մասնակից և արդեն իսկ նվաճել է 9 բրոնզե մեդալ:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Միկա» մարզահամալիրում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության երեկոյան մրցահերթում Հայաստանի 8 ներկայացուցիչ մրցեց կիսաեզրափակիչ փուլում:


63,5 կգ քաշային կարգում Արթուր Մկրտչյանը զիջեց Ռումինիայից Արուն Տուդորոիուի հետ մենամարտում` դառնալով ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը պարտվեց ռուս մարզիկ Ալեկսեյ Գուկովին: Յուրա Բաբլումյանը ևս բրոնզե մեդալակիր է:


71 կգ քաշային Արման Միսկարյանը պարտվեց հունգարացի Կրիսզիան Նիլեբորգին: Միսկարյանը ԵԱ-ում նվաճեց Հայաստանի 6-րդ բրոնզե մեդալը:
Կիսաեզրափակիչում պարտվեց և բրոնզ նվաճեց նաև 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը, ով զիջեց Իտալիան ներկայացնող Չիրո Կուրտին:


Տղամարդկանց  80 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աղվան Ալեքսանյանը կիսաեզրափակիչում մրցեց ռումինացի Դավիթ Թեոդոսեսկուի հետ և հաղթեց․ նա կպայքարի ոսկե մեդալի համար:


86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը ևս դուրս եկավ եզրափակիչ: Նա կիսաեզրափակիչում գերազանցեց Դումիտրել Բադեային:


92 կգ քաշի կիսաեզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանից Իշխան Հովսեփյանը և ռումինացի Ֆլորին Իոնիտան: Հաղթեց ռումինացին և Հովսեփյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:


Գերծանր քաշային կարգում Ալբերտ Հարությունյանն ուժերը չափեց խորվաթ Լովրո Պավչեչի հետ ու զիջեց` նվաճելով միայն բրոնզե մեդալ:


Հայաստանը Եվրոպայի առաջնության եզրափակիչի 3 մասնակից ունի` Գոռ Ազիզյանը, Աղվան Ալեքսանյանը և Դավիթ Սիմոնյանը:


Բրոնզե մեդալներ են նվաճել` Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Սաֆարյանը, Էրիկ Արստանյանը, Արթուր Մկրտչյանը, Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը, Արմեն Պողոսյանը, Իշխան Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը: