Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աճել է Թուրքիայում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը

Աճել է Թուրքիայում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը
Աշխարհ
20:46, 01 август 2021
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, տուժածների թիվը հասել է 864-ի։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է առողջապահության նախարար Ֆահրետտին Քոջան: Ավելի վաղ հաղորդվել էր անտառային հրդեհների վեց զոհերի և 410 տուժածների մասին:

«Մանավգատում (Անթալիայի նահանգ) բռնկված հրդեհների հետևանքով մենք ընդամենը յոթ զոհ ունենք։ Հրդեհից տուժած 507 մարդուց 497-ը դուրս են գրվել։ Մարմարիսում և Բոդրումում բռնկված հրդեհներից տուժած 203 մարդուց 186-ը դուրս են գրվել:

Մարմարիսում մենք մեկ զոհ ունենք։

Մերսինում բռնկված հրդեհից տուժած բոլոր 154 անձինք դուրս են գրվել ապաքինվելուց հետո», – գրել է Քոջան Twitter-ում։

Թուրքիան արդեն հինգերորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ։ Թուրքիայի նախագահը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին:

Թուրքիայի՝ Միջերկրական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ: Կա ավելի քան 400 վիրավոր: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում: Թուրքիայում հաջողվել է տեղայնացնել անտառային հրդեհների 112 օջախներից 107-ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ՝ հուլիսի 31-ին, հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է մեղսակից լինել երկրում անտառային զանգվածների հրկիզմանը: