Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վատագույնը դեռևս առջևում է. Հունաստանի վարչապետը՝ հրդեհի դեմ պայքարի մասին

Վատագույնը դեռևս առջևում է. Հունաստանի վարչապետը՝ հրդեհի դեմ պայքարի մասին
Աշխարհ
13:01, 06 август 2021
Հրդեհը շարունակում է ավերիչ ընթացքը նաև Հունաստանում: Անտառներն այրող բնական աղետը մոտեցել է մայրաքաղաք Աթենքին: Երկրի հրշեջ ծառայության տվյալով՝ հրդեհը մեկուսացվել է երեք օջախներում: Սակայն Աթենքից 30 կմ հեռու գտնվող Դրոսոպիգի բնակավայրի հրդեհը դեռևս ամենավտանգավորն է: Երկրի իշխանությունը տեղի բնակիչներին կարճ հաղորդագրությունների միջոցով հորդորել է տարհանվել: Վերահսկողությունից դուրս եկող հրդեհի դեմ ցամաքում պայքարող հրշեջներին միացել են 4 օդանավ, 9 ուղղաթիռ: Ոստիկանությունը փակել է դեպի հրդեհի հիմնական օջախներ տանող ճանապարհները: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ժողովրդին տեղեկացրել է, որ անցյալ գիշերն Էլլադայի հրշեջների համար եղել է ամենածանրը: 

Կիրիակոս Միցոտակիս, Հունաստանի վարչապետ
 
«Ցավոք, կարող եմ ասել, որ վատագույնը դեռևս առջևում է: Առաջիկա գիշերն ամենասպառնալիցն է: Մեր երկրի բազմաթիվ վայրերում սպասվում են ուժեղ արևմտյան քամիներ: Երկրի վեց մարզերում, ներառյալ՝ Ատտիկան, հռչակել ենք վտանգավորության կարմիր աստիճան: Խնդրում եմ ձեռնպահ մնալ ոչ անհրաժեշտ ուղևորություններից և լինել ծայրահեղ ուշադիր: Երբ ստանաք տարհանման հրահանգ, խնդրում եմ հետևել դրան: Տները կարող են վերակառուցվել, ծառերը՝ կրկին աճեցվել, սակայն մարդկային կյանքը երբեք չի կարող փոխարինվել: Այս արտակարգ իրավիճակում բոլորս պետք է միասնական լինենք»: 

Հրդեհն արդեն վտանգավոր է դարձրել անտիկ շրջանի օլիմպիական խաղերի անցկացման պատմական վայրերի բնակիչների կյանքը: Պելոպոնեսի Լասդիկաս գյուղի բնակիչները որոշել են մնալ իրենց տներում և հրշեջների հետ համատեղ պայքարել ամենակուլ կրակի դեմ: 
 
Գիանիս Կանելոպուլոս, Լասդիկաս գյուղի բնակիչ
 
«Մենք կանանց, ծերերին և երեխաներին հրահանգեցինք հեռանալ: Ով կարող էր օգնել որևէ բանով, մնաց այստեղ»: 
 
Հունաստանի մշակույթի նախարարությունը տեղեկացրել է, որ հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը դեպի անտիկ Օլիմպիա: Սակայն կրակը շարունակում է սպառնալ մոտակա գյուղերի բնակիչներին: 

Թարգմանությունը՝ 1lurer.am