Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աֆղանստանի մեդիա և տեղեկատվական կենտրոնի տնօրենը սպանվել է

Աֆղանստանի մեդիա և տեղեկատվական կենտրոնի տնօրենը սպանվել է
Աշխարհ
17:06, 06 август 2021
«Թալիբան» շարժման զինյալները սպանել են Աֆղանստանի մեդիա և տեղեկատվական կենտրոնի տնօրեն Դաավա Խան Մենապալին՝ մայրաքաղաք Քաբուլում։

Տեղական մամուլի փոխանցմամբ՝ նա սպանվել է զինյալների կողմից՝ մայրաքաղաքի Դարուլ Աման ճանապարհին: Սպանությունը տեղի է ունեցել Քաբուլում թալիբների կողմից պաշտպանության նախարարի տան վրա հարձակումից օրեր անց։ Այդ հարձակումից հետո,որը վերջին մեկ տարում գրոհայինների կողմից քաղաքում առաջին խոշոր ռմբակոծությունն էր, թալիբները նախազգուշացրել էին կառավարական գործիչների վրա սպասվելիք հարձակումների մասին:

Դաավա Խան Մենապալը թվիթերյան իր էջում պարբերաբար Աֆղանստանի կառավարության տեսակետներն էր հրապարակում, որտեղ ուներ 142,000-ից ավել հետևորդ։

«Դժբախտաբար, այս վայրագ ահաբեկիչները հերթական անգամ վախկոտ քայլ արեցին՝ սպանելով այս հայրենասեր աֆղանցուն», -ասել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Միրվեյս Ստանիկզայը:

Աֆղանստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոսս Վիլսոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ ցավում է և զզվել է այս շարունակական սպանություններից, հավելելով․ «Այս սպանությունները ոտնձգություն են աֆղանցիների մարդու իրավունքների և խոսքի ազատության դեմ»:

Աֆղանստանում տիրող իրավիճակից ելնելով, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ուրբաթ օրը բաց նիստ է հրավիրել։

Նշենք, որ «Թալիբան» շարժման գրոհայինները գյուղական շատ տարածքներ են գրավել  և այժմ գրոհում են առանցքային և կարևորագույն քաղաքների վրա, ինչպիսիք են՝ հարավում՝ Կանդահարը, տնտեսական կարևոր նշանակություն ունեցող Հերաթ քաղաքը, և Հելմանդ նահանգի մայրաքաղաք՝ Լաշկարգարը:

Սյուզի Սիրականյան