Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հունաստանը վերածվել է փոշու տակառի. այս հրդեհները ապացուցում են կլիմայի փոփոխությունը». Հունաստանի վարչապետ

«Հունաստանը վերածվել է փոշու տակառի. այս հրդեհները ապացուցում են կլիմայի փոփոխությունը».  Հունաստանի վարչապետ
Աշխարհ
16:02, 07 август 2021
Հունաստանում տարածված անվերահսկելի անտառային հրդեհների արդյունքում արդեն կա երկու զոհ: BBC-ն գրում է, որ նրանցից մեկը 38-ամյա կամավոր հրշեջ է, ով զոհվել է մայրաքաղաքի արվարձանում՝ էլեկտրասյան ընկնելու պատճառով: Մյուս զոհը Աթենքի առևտրի պալատի նախագահ Կոնստանտինոս Միխալոսն է: Նա անգիտակից վիճակում հայտնաբերվել է գործարանի մոտակայքում, որտեղ հրդեհ էր մոլեգնում: Եվս 20 մարդ վիրավորվել է:

Երկրում շրջաններից վեցը հայտարարավել է բարձր ռիսկային գոտի: Հրշեջ-փրկարարները պայքարում են 154 անտառային հրդեհների դեմ՝ ամբողջ երկրում: Ծխի հսկայական ամպեր են բարձրացել մայրաքաղաք Աթենքի հյուսիսային ծայրամասում, որտեղ մարդկանց կոչ է արվում լքել իրենց տները:
Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ հսկա ջերմային ալիքի պատճառով երկիրը վերածվել է փոշու տակառի:

Հարյուրավոր հրշեջներ փորձում են վերահսկել հրդեհները մոտավորապես  20 ջրատար ինքնաթիռներով: Լրացուցիչ հրշեջներ և ինքնաթիռներ են ուղարկվում տարբեր երկրներից, այդ թվում ՝ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից:

«Մեր ողջ ուժերով՝ կամավորների հետ մեկտեղ, օրուգիշեր պայքարում ենք կյանքեր փրկելու համար»,- BBC-ին ասել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Նիկոս Հարդալիասը:

 
Ամենածանր վիճակում գտնվում է Աթենքի հյուսիսը: Հազարավոր մարդկանց կարգադրվել է լքել այնտեղ իրենց տները, քանի որ հրդեհներն արդեն այրել են մի շարք տներ, մեքենաներ և ձեռնարկություններ:

Դրանք մոլեգնում են նաև Էվիա կղզու մոտակայքում, ինչպես նաև Հին Օլիմպիայի մերձակայքում՝ Օլիմպիական խաղերի ծննդավայրում: Էվիայում գտնվող հարյուրավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ տարհանվել են՝ լաստանավերով և ձկնորսական նավերով, քանի որ հրդեհները մոտեցել են դրա ափերին:

«Մենք արդեն խոսում ենք ապոկալիպսիսի մասին, ես չգիտեմ ինչպես նկարագրել այս ամենը»,- ասել է կղզու առափնյա պահպանության աշխատակիցը ERT-ի հեռարձակողին:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ այս հրդեհները ապացուցում են աշխարհում կլիմայի փոփոխությունը: Ամբողջ շաբաթվա ընթացքում երկրում ջերմաստիճանը 40C-ից բարձր է եղել: 
 
Սյուզի Սիրականյան