Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալիբանը ծանր կորուստներ է կրել Փանջշերում և կորցրել վերահսկողությունը մի քանի շրջաններում

Թալիբանը ծանր կորուստներ է կրել Փանջշերում և կորցրել վերահսկողությունը մի քանի շրջաններում
Աշխարհ
16:42, 03 сентябрь 2021
Աֆղանստանի Փանջշերում թեժ մարտերն ազգային դիմադրության ճակատի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև շարունակվում են, հայտնում են Sputnik Afghanistan-ի աղբյուրները: Ընդդիմության ուժերը հայտարարել են, որ իրենց հսկողության տակ են վերցրել Քաբուլից հյուսիս ընկած Չարիքար քաղաքը՝ Փարվան նահանգի կենտրոնը, մարտերում թալիբները մեծ կորուստներ են կրել: Դիմադրության ուժերը հայտնում են 350 թալիբ զինյալների մահվան մասին:

Մինչև գրոհի սկսվելը, թալիբներն անջատել են Փանջշերում կապի և ինտերնետ ծառայությունները, ինչպես նաև էլեկտրամատակարարումը:

Թալիբների հարձակումը սկսվել է սեպտեմբերի 2-3-ը՝ ազգային դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդի հետ բանակցությունների ձախողումից հետո: Նա «Թալիբանից» պահանջել է Աֆղանստանի նոր կառավարության բոլոր որոշումները համաձայնեցնել Փանջշերի ապստամբների հետ, ինչպես նաև թույլ տալ իրենց պահել զենքը:

Թալիբները վստահեցրել են, որ բանակցությունների տապալումից հետո Փանջշեր կուղարկեն իրենց լավագույն ուժերը՝ ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ: Ըստ The Washington Post թերթի՝ Աֆղանստանի Փանջշեր նահանգի աշխարհագրական դիրքն ու ռելիեֆի առանձնահատկություններն այնտեղ կենտրոնացած դիմադրության ուժերի հիմնական առավելություններից են:

Ինչպես նշում է թերթը, չնայած ապստամբների ներկա առաջնորդ Ահմադ Մասուդ կրտսերը չկարողացավ ստանալ միջազգային ուժերի աջակցությունը, նաև զրկվեց մատակարարման ուղիներից հարևան Տաջիկստանից, Փանջշերն իր լեռներով, ժայռերով, կիրճերով ու ձորերով առայժմ ապահովում է ապստամբների հաջողությունը թալիբների նկատմամբ: