Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Pfizer պատվաստանյութը Հայաստանում կլինի սեպտեմբերի կեսին, եթե ուշացումներ չլինեն․ hetq.am

Pfizer պատվաստանյութը Հայաստանում կլինի սեպտեմբերի կեսին, եթե ուշացումներ չլինեն․ hetq.am
Աշխարհ
15:51, 06 сентябрь 2021
Հուլիսի 29-ին Կառավարության նիստին Առողջապահության նախարարությունը պահուստային ֆոնդից 3 մլրդ 459 մլն դրամ է ստացել՝ կորոնավիրուսի համար նոր պատվաստանյութեր ձեռք բերելու նպատակով։ Այդ գումարով նախատեսվել էր ձեռք բերել չինական Sinopharm և ամերիկա-գերմանական Pfizer-Biontech պատվաստանյութերը, որոնցով, ըստ նախարարության, պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (ընդհանուր ձեռք է բերվելու 500 000 դեղաչափ՝ 250 000 անձի համար՝ 2 դեղաչափով):

Օգոստոսի 18-ին Հայաստան է ներկրվել 200 000 դեղաչափ Sinopharm՝ 100 000 անձի համար (պատվաստանյութը ստանում են 2 դեղաչափով, 3-4 շաբաթ միջակայքով)։ Sinopharm-ը ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության` արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

Նախնական տվյալներով` Pfizer-ը Հայաստանում կլինի սեպտեմբերի կեսերին. Առողջապահության նախարարությունն իր պարտավորությունները կատարել է և սպասում է պատվաստանյութի մատակարարմանը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Նախարարությունն ամեն ինչ անում է, որ պայմանավորվածության շրջանակներում, նաև՝ ժամկետային առումով, Հայաստանում լինի պատվաստանյութը, բայց շատ բաներ` տեղափոխման հետ կապված, մեր տիրույթում չեն,-ասաց Հ. Խաչատրյանը։- Պայմանավորվածությունը կա, հստակ է, մենք սպասում ենք։ Սեպտեմբերի կեսը նախնական ժամկետն է, արդեն կտեսնենք։ Հնարավոր է, որ մի փոքր ուշացում լինի, որովհետև աշխարհում պատվաստանյութերի քանակի հետ կապված խնդիրը միշտ առկա է։ Մեր կողմից ամեն ինչ արված է, մենք սպասում ենք, թե երբ կլինի, նախնական ժամկետը սեպտեմբերի կեսն է, բայց ամեն տեղ էլ ժամկետի ուշացումներ լինում են, դա այս պարագայում նորմալ է»։

Ժամկետային շեղումները, ըստ նրա, պայմանավորված են աշխարհում տիրող ընդհանուր իրավիճակով՝ պատվաստանյութերի սակավությամբ և նախնական պայմանավորվածություններով։ 

Ինչպես մնացած պատվաստանյութերի դեպքում, Pfizer-ը ևս հասանելի կլինի բոլոր ցանկացողներին, և տարիքային կամ խմբային սահմանափակումներ չեն լինի։ Նշենք, որ Pfizer պատվաստանյութը ևս ներարկվում է 2 դեղաչափով, նվազագույն  միջակայքը 21 օր է, առավելագույնը՝ 42 օր։ 

Հայաստանը ԱՀԿ Covax Facility հարթակի մասնակից է, և պատվաստանյութերի մի մասը ձեռք է բերում այդ շրջանակներում, երբ հասանելիության պատուհան է բացվում։ Դեռևս այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանն ունեցել 15 000 դեղաչափ (7500 հոգու համար, հեղ.) Pfizer բերելու հնարավորություն, սակայն, քանի որ պատվաստանյութը պահանջում է տեղափոխման հատուկ պայմաններ, իսկ Հայաստանը չի ունեցել սառցային շղթան ապահովելու միջոցներ՝ հատուկ սառնարաններ, պատվաստանյութը ձեռք չի բերվել։

Moderna-ի «պատուհան» մինչ օրս դեռ չի բացվել, սակայն առաջիկայում՝ մինչև աշնան վերջ, Հայաստանը կգնի 50 000 դեղաչափ ամերիկյան Johnson and Johnson պատվաստանյութից (որը մեկ դեղաչափով է օգտագործվում, այսինքն՝ նախատեսված է հենց 50 000 հոգու համար, հեղ.) և մոտ 300 000 դեղաչափ Novavax ամերիկյան պատվաստանյութ՝ 150 000 հոգու համար։ 

Այս պահին Հայաստանում պատվաստանյութերից առկա է չինական Sinopharm-ը, ռուսական Sputnik V-ն՝ երկրորդ դեղաչափ ստացողների համար և անգլո-շվեդական AstraZeneca-ն։ ԱՆ խոսնակն ասում է՝ պատվաստանյութի խնդիր այս պահին Հայաստանում չկա, մարդիկ «ազատ պատվաստվում են»։

Սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ Հայաստանում պատվաստվել է 303 325 հոգի, որից առաջին դեղաչափը ստացել է 195 280 մարդ, երկրորդը՝ 105 035։ 

Վերջին տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 245 264 դեպք, որից  229 559-ը՝ առողջացած, 4924-ը` մահվան ելքով: Կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդություններից մահացածների թիվը 1164 է։

Աղբյուր՝ hetq.am