Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է «Թալիբան» շարժման կողմից Աֆղանստանի Փանջշեր նահանգի գրավումը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է «Թալիբան» շարժման կողմից Աֆղանստանի Փանջշեր նահանգի գրավումը
Աշխարհ
18:05, 06 сентябрь 2021
Թալիբները վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի Փանջշեր նահանգը, որը ոչ թալիբական շրջաններից վերջինն էր։  Այս մասին Twitter-ում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլահ Մուջահիդը։
 
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «թալիբները պետք է կատարեն իրենց պարտավորությունները»։  Այսօր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ  Իրանի իշխանությունները դատապարտում են աֆղանական Փանջշեր նահանգի գրավումը «Թալիբան» շարժման կողմից ու դիտարկում են օտարերկրյա միջամտության վարկածը։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։
 
Հաթիբզադեի խոսքով՝ Փանջշերից ստացվող նորությունները մտահոգություն են առաջացնում Իրանում.  «Թալիբների հարձակումը վճռականորեն դատապարտվում է։ Աֆղանական առաջնորդների մահը խորը ափսոսանք է առաջացնում։ Մենք դիտարկում ենք նաև օտարերկրյա միջամտության վարկածը»։

Նա նշել է, որ Աֆղանստանի պատմությունից  հայտնի է, որ օտարերկրյա միջամտությունը հարձակվողներին պարտությունից բացի ոչինչ չի տվել՝ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի։ Փանջշերի հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով, հավելել է Հաթիբզադեն։

Հիշեցնենք, որ  «Թալիբան» շարժումը, որը  ահաբեկչական է ճանաչվել  և արգելված է ՌԴ-ում, օգոստոսի սկզբին զանգվածային հարձակման էր ենթարկել Աֆղանստանի կառավարական ուժերին,   զուգահեռաբար Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը՝ օգոստոսի 15-ին ներխուժել և վերահսկողության տակ  էր առել մայրաքաղաք Քաբուլը։ Միակ նահանգը, որը չէր վերահսկվում թալիբների կողմից, Փանջշերն էր։