Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ-ն ցանկանում է միջամտել տարածաշրջանի գործերին՝ հակամարտությունների կարգավորման պատրվակով». Վելայաթի

«ԱՄՆ-ն ցանկանում է միջամտել տարածաշրջանի գործերին՝ հակամարտությունների կարգավորման պատրվակով». Վելայաթի
Աշխարհ
17:48, 12 апрель 2024
 ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են միջամտել տարածաշրջանի գործերին՝ հակամարտությունների կարգավորման պատրվակով: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, փոխանցում է Mehr-ը։  Վելայաթիի խոսքով՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում համաձայնեցվել է «կովկասյան տարածաշրջանի գործերին անօրինական միջամտության մասին որոշումը», միաժամանակ որպես նպատակ հռչակվում է «խաղաղության հաստատումը»։

 «Այդպիսի պահվածքը վկայում է այն մասին, որ երկրների այս խումբը ցանկանում է լարվածության աճ առաջացնել և ռազմական ներկայության համար պատրվակ է ստեղծում՝ ի հաշիվ տարածաշրջանի երկրների անվտանգության և անկախության»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նոր ծրագիրը հիմնված է ԱՄՆ նախաձեռնության վրա, և դրա իրականացման համար կպահանջվի տարածաշրջանում միջնորդների օգնությունը։ «Նման ռազմավարության իրականացումը կհանգեցնի ոչ միայն կործանարար հետևանքների տարածաշրջանի երկրների համար, այլև նրանց պատմական սահմանների քայքայմանը և ներքին հակամարտությունների առաջացմանը։ Այդ իրադարձությունները կօգտագործվեն արևմտյան տերությունների կողմից՝ ԱՄՆ գլխավորությամբ, որպես պատրվակ տարածաշրջանի գործերին միջամտելու»,- վստահ է Վելայաթին։

Նրա կարծիքով՝ դա կսաստկացնի տարածաշրջանի երկրների միջև գոյություն ունեցող լարվածությունը, կբորբոքի պատերազմի կրակը Հարավային Կովկասում։ Նրա խոսքով՝ Թեհրանը թույլ չի տա Արևմուտքի կողմից որևէ դավադրություն, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության խաթարմանը։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ ԱՄՆ-ը ձգտել է դաշինքի ուժեր տեղակայել Ռուսաստանի հարավում կամ Իրանի հյուսիսում՝ Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից էներգառեսուրսներ ստանալու համար։ Սակայն այդ ծրագիրը խափանվեց Թեհրանի զգոնության շնորհիվ, ասել է նա: