Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեր ազգային հանդերձանքն այն չէ, ինչ թալիբները պարտադրում են կրել»․ աֆղան կանայք կիսվում են գունավոր զգեստների լուսանկարներով

«Մեր ազգային հանդերձանքն այն չէ, ինչ թալիբները պարտադրում են կրել»․ աֆղան կանայք կիսվում են գունավոր զգեստների լուսանկարներով
Աշխարհ
16:24, 14 сентябрь 2021
Վերջին օրերին «Թալիբանը» կարգադրել է բուհերում սեռերի տարանջատում և պահանջել ուսանողուհիներին, դասախոսներին ու բուհերի աշխատակիցներին հիջաբ կրել` համաձայն  Շարիաթի օրենքների խմբավորման մեկնաբանության, գրում է CNN-ը։ 

Շաբաթ օրը լուսանկարներ էին տարածվել, ըստ որի Քաբուլի կառավարական համալսարանի դասախոսությունների դահլիճում մի խումբ ուսանողուհիներ ոտքից գլուխ սև խալաթներ են կրում եւ ծածանում Թալիբանի դրոշները:

Այլ աֆղան կանայք արձագանքելով տեղի ունեցածին՝ սոցիալական ցանցերում սկսեցին տեղադրել աֆղանական ազգային պայծառ ու գունագեղ զգեստներով իրենց նկարները, ինչը բացարձակ հակասում է թալիբների կողմից նախանշված սև հիջաբի պահանջին:

Աֆղանստանի Ամերիկյան համալսարանի նախկին ֆակուլտետի անդամ Բահար Ջալալին օգնել է վերը նշված նկարների տեղադրման արշավի կայացմանը։

Ջալալին Twitter-յան իր էջում, տեղադրելով  ամբողջովին սև հիջաբով մի կնոջ լուսանկար, գրել է.  «Ոչ մի աֆղան կին Աֆղանստանի պատմության մեջ այսպիսի հագուստ երբևէ չի կրել: Սա բոլորովին օտար և խորթ է մեր մշակույթին: Ես տեղադրել եմ իմ լուսանկարը աֆղանական ավանդական զգեստով ՝ տեղեկացնելու, կրթելու և ցրելու այն ապատեղեկատվությունը, որը տարածվում է թալիբների կողմից»:

Այս գրառումից հետո մի շարք աֆղան կանայք հետևել են նրա օրինակին՝ սոցիալական ցանցերում հրապարակելով նմանատիպ նկարներ։

Լոնդոնաբնակ BBC- ի նշանավոր լրագրող Սանա Սաֆին տեղադրել է իր գունագեղ ավանդական զգեստով նկարը, գրելով. «Եթե ես Աֆղանստանում լինեի, ապա գլխիս գլխաշոր կունենայի»:

BBC-ի մեկ այլ լրագրող Սոդաբա Հայդարեն գրել է. «Սա մեր ավանդական զգեստն է: Մենք շատ գույներ ենք սիրում: Նույնիսկ մեր բրինձն է գունավոր, ինչպես նաև մեր դրոշը»:

Իսկ Մեծ Բրիտանիայում քաղաքական գործիչ Պեյմանա Ասադը, ով ծագումով Աֆղանստանից է, տեղադրելով իր գունավոր զգեստով լուսանկարը, գրառման մեջ ասել է. «Մեր ազգային հանդերձանքն այն չէ, ինչ թալիբները պարտադրում են կրել կանանց։ Սա է աֆղանական մշակույթը»։

Անցյալ ամիս Քաբուլից փախուստի դիմած աֆղան երգչուհի և ակտիվիստ Շեքիբա Թեյմորին CNN- ին ասել է, որ մինչ Թալիբների իշխանության հաստատումը, հիջաբ աֆղանական իրականության մեջ գոյություն ունեցել է : Սակայն դա եղել  է կամավորության սկզբունքով՝ կախված ընտանիքում եղած բարքերից, ոչ թե պարտադրվել կառավարության կողմից: 

Նշենք, որ Թալիբները պատմականորեն կանանց վերաբերվել են որպես երկրորդ կարգի քաղաքացիներ՝ ենթարկելով նրանց բռնության, բռնի ամուսնությունների և նրանց ներկայությունը երկրում գրեթե անտեսանելի դարձրել:

Աֆղանստանում կանանց ճակատագիրը մտահոգության տեղիք է տալիս՝ օգոստոսին ԱՄՆ -ի և միջազգային զորքերի քաոտիկ դուրսբերուման արդյունքում թալիբների երկրում վերահսկողություն հաստատելուց հետո:

Հիշեցնենք, որ նախկինում Թալիբներն Աֆղանստանը կառավարել են  1996-2001 թվականներին և  իշխանությունից հեռացվել՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային զորքերի ներխուժումից հետո։ 

Սյուզի Սիրականյան