Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարավային Կորեան նույնպես սկսել է բալիստիկ հրթիռներ փորձարկել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի

Հարավային Կորեան նույնպես սկսել է բալիստիկ հրթիռներ փորձարկել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի
Աշխարհ
17:30, 15 сентябрь 2021
Ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային Կորեան, սկսել է բալիստիկ հրթիռներ փորձարկել՝ սրելով լարվածությունն այն տարածաշրջանում, որն արդեն իսկ մոլորակի ամենաանկայուն շրջաններից մեկն էր, գրում է CNN-ը:

Չորեքշաբթի օրը Փհենյանը արձակել է իր առաջին երկու հրթիռները՝ ուղարկելով դրանք Կորեական թերակղզու արևելյան ափերի ջրերը՝ հինգ րոպե տարբերությամբ. տեղական ժամանակով ժամը 12:38 -ին և 12:43–ին՝ ըստ Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության տվյալների:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սեուլն այդ փորձարկմանը պատասխանել է մոտ երեք ժամ անց՝ արձակելով բալիստիկ հրթիռ՝ (SLBM) 3,700 տոննա ծանրություն ունեցող ROKS Dosan Ahn Changho սուզանավից: Նախարարությունը նշել է, որ հրթիռը ճշգրտորեն խոցել է իր թիրախը, ինչպես նաև հայտնել, որ դրա փորձարկամանը ներկա է եղել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:

CNN-ը նշում է, որ Հարավային Կորեայի հրթիռային սպառազինությունը զարգացում է ապրում, քանի որ երկիրը փորձում է ավելի քիչ կախվածություն ունենալ ԱՄՆ-ից և ավելի զգուշանալ Հյուսիսային Կորեայում զարգացող հրթիռային ծրագրից:

Մայիսին Հյուսիսային Կորեայի նախագահ Մունը և ԱՄՆ նախագահ Բայդենը դադարեցրին 40-ամյա երկկողմ համաձայնագիրը՝ ըստ որի հարավկորեական հրթիռների հեռահարությունն ու բեռնվածությունը սահմանափակվում էին: Այս սահմանափակումների դադարեցումը, Հյուսիսային Կորեան անվանել է «կանխամտածված և թշնամական գործողություն» Վաշինգթոնի կողմից և խոստացել «հակազդել ԱՄՆ-ին՝ ուժի միջոցով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան նոր հեռահար թևավոր հրթիռ է փորձարկել, որն ունակ է հարվածել Ճապոնիայի մեծ մասին: Ամերիկյան զինված ուժերն էլ այս առիթով հայտարարել էին, որ այս զենքի փորձարկումները սպառնալիք են միջազգային հանրությանը, իսկ հարևան Ճապոնիան հայտարարել էր, որ «լուրջ  մտահոգություններ ունի»: