Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՄԷ-ի կողմից Իսրայելի վարչապետի հյուրընկալությունը

Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՄԷ-ի կողմից Իսրայելի  վարչապետի հյուրընկալությունը
Աշխարհ
16:56, 14 декабрь 2021
Իրանը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից ցանկացած քայլ, որը կամրապնդի «կեղծ ռեժիմի ավերիչ և խռովարար ներկայությունը Արևմտյան Ասիայում»: Այս մասին հայտնել է  Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն՝ անդրադառնալով սիոնիստական ռեժիմի վարչապետի ԱՄԷ այցին։ 

Խատիբզադեն նաև վերահաստատել է Սուրբ Ղուդսի ազատագրման հստակ պատճառը՝ որպես աշխարհի մուսուլմանների առաջին կիբլա:

Նա ասել է, որ տարածաշրջանի ժողովուրդը չի մոռացել սիոնիստական ռեժիմի նողկալի և թշնամական գործողությունները, որոնք տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների բուն պատճառն են՝ հավելելով, որ տարածաշրջանի ժողովուրդը դեմ է մնալու այս ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ ավելի քան 70 տարի անապահովության, լարվածության և պատերազմական գործողությունների պատճառ դարձած ապօրինի ռեժիմի վարչապետին  արաբական և մուսուլմանական երկրների տարածքում դիմավորելը կմնա Պաղեստինի ժողովրդի, տարածաշրջանային ազգերի և աշխարհում ազատություն փնտրող ժողովուրդների պատմական հիշողության մեջ։ 

Նա նաև ընդգծել է, որ սիոնիստական ռեժիմը իսլամական աշխարհի և արաբական երկրների գլխավոր թշնամին է, և (հարաբերությունների) կարգավորման ոչ մի քայլ չի ճնշի Պաղեստինի վեհ գործը։

Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Բենեթը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների փաստացի կառավարիչ և Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ՝ դառնալով Իսրայելի ռեժիմի առաջին ղեկավարը, ով այցելել է Պարսից ծոցի երկիր:

Այցը տեղի է ունեցել ավելի քան մեկ տարի անց այն բանից հետո, երբ երկու կողմերը համաձայնեցին պաշտոնական հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված գործարքի շրջանակներում:

Սյուզի Սիրականյան