Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը չորս շաբաթ է տվել իր վարչակազմին՝ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժումը կանխելու համար. CNN

Բայդենը չորս շաբաթ է տվել իր վարչակազմին՝ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժումը  կանխելու համար. CNN
Աշխարհ
17:55, 21 декабрь 2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր վարչակազմին չորս շաբաթ է տվել՝ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժումը կանխելու համար: Այս մասին հայտնում է CNN-ը։ 

CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ Բայդենը վախենում է 2014 թվականի սխալների կրկնությունից, երբ Միացյալ Նահանգները և Եվրամիությունն «անակնկալի էին եկել» Ղրիմի միացմամբ: Այս անգամ ԱՄՆ առաջնորդն ազգային անվտանգության հարցերով իր օգնականներին հանձնարարել է օգտագործել բոլոր հնարավոր գործիքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զսպելու համար։

ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը դեռևս նոյեմբերին այցելել էր Մոսկվա, որպեսզի «ուղիղ զգուշացնի Պուտինին»։ Սակայն Ռուսաստանը շարունակել է զորքերն ավելացնել Ուկրաինայի հետ սահմանին, ուստի Վաշինգտոնը որոշել է «խաղաղ դիվանագիտությունից» անցնել հրապարակային սպառնալիքների։