Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սպուտնիկ V» պատվաստանյութը վստահաբար չեզոքացնում է «օմիկրոն» շտամը. ՌԴ նախագահ

«Սպուտնիկ V» պատվաստանյութը վստահաբար չեզոքացնում է «օմիկրոն» շտամը. ՌԴ նախագահ
Աշխարհ
18:04, 28 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հրապարակային քննարկվող հարցը կորոնավիրուսային համավարակի հաղթահարման թեման էր:

ՌԴ գլխավոր համաճարակաբան Աննա Անդրեևնան նախ ողջունեց ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներին, այնուհետև ընդգծեց, որ հաշվի առնելով ԱՊՀ պետությունների մոտ հարաբերությունները, ընդհանուր համավարակի վտանգը, ինտեգրացիայի մակարդակը՝ գլխավոր հարցերից  մեկն է համագործակցող պետություններում ձևավորել համավարակի արագ արձագանքման միասնական սխեմա:   

ՌԴ գլխավոր համաճարակաբանի խոսքով՝ սինթետիկ կենսաբանության միջոցով ստացված առաջխաղացումը օգնում է առաջընթաց ունենալ բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում: «Ռուսաստանի գիտնականները, օգտագործելով ժամանակակից բիոտեխնոլոգիաները, հայտնագործեցին և գրանցեցին հինգ պատվաստանյութ ընդդեմ կորոնավիրուսային համավարակի: Աշխարհում առաջինը գրանցվեց ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, և այդ պատվաստանյութի արդյունքներով մենք կիսվում ենք ԱՊՀ անդամ մեր գործընկերների հետ՝  փոխանցվել են պատվաստանյութերի խմբաքանակներ, կառուցվել են պատվաստանյութերի արտադրման գործարաններ»,- հավելեց գլխավոր համաճարակաբանը: 

Նա նաև զգուշացրեց, որ բիոտեխնոլոգիայի չհսկվող օգտագործումը կարող է առաջացնել վտանգներ, այդ թվում՝ դժվար բուժելի հիվանդություններ:  

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներից ոմանք հետաքրքրվեցին կորոնավիրուսի հերթական «օմիկրոն» շտամից, ինչին ի պատասխան՝ ՌԴ գլխավոր համաճարակաբանը նշեց, որ պատվաստվելու դեպքում պատվաստանյութն օրգանիզմում աշխատելու է ընդդեմ կորոնավիրուսի բոլոր շտամների, գուցե մի շտամի դեմ՝ ավելի շատ, մյուսի դեմ՝ ավելի քիչ, բայց ազդեցություն ունենալու է:

Վլադիմիր Պուտինն էլ ընդգծեց, որ զրուցել է Մալեևի անվան ինստիտուտի ղեկավարի հետ, նրանք հետազոտություն են անցկացրել, և «Սպուտնիկ V» պատվաստանյութը վստահաբար չեզոքացնում է «օմիկրոն» շտամը. «Ինստիտուտից հայտնել են, որ դեռևս կտան վերջնական պատասխան, թե պատվաստանյութը ինչ մակարդակի է չեզոքացնում «օմիկրոն» շտամը, բայց ընդգծել են, որ ազդեցությունը բավական մեծ է»: 

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ քննարկումները կշարունակեն փակ ձևաչափով: