Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ը չի գործարկվի․ Փրայս

Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ը չի գործարկվի․ Փրայս
Աշխարհ
11:59, 27 январь 2022
Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը երեկ հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը տեղի չի ունենա, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։

«Ուզում եմ շատ հստակ ասել՝ եթե Ռուսաստանն այսպես թե այնպես ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ը չի աշխատի», - նշել է Փրայսը Ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում։

Նա չի հստակեցրել, թե արդյոք ԱՄՆ-ը ստացել է հաստատում Գերմանիայից, որը ներգրավված է գազատարի նախագծում։

«Ներկայումս գազը չի հոսում «Հյուսիսային հոսք 2»-ով, և դա կարևոր է, քանի որ դա նշանակում է, որ քանի դեռ «Հյուսիսային հոսք 2»-ը չի սկսել գործել, այն լծակ է մեզ համար, Գերմանիայի համար, տրանսատլանտյան հանրության համար», - ընդգծել է Փրայսը:

Ռուս-ուկրաինական շարունակվող ճգնաժամի վերաբերյալ Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է պաշտպանել երկխոսության և դիվանագիտության ուղին՝ որպես «Վլադիմիր Պուտինի կողմից անհարկի հրահրված ճգնաժամը մեղմելու միակ պատասխանատու միջոց»:

Փրայսը հավելել է, որ պաշտոնական Մոսկվայի առաջարկներին իր պատասխանում Վաշինգտոնը «շատ հստակ է նշել, թե ինչի շուրջ կարելի է բանակցություններ վարել, իսկ ինչը չի կարող քննարկվել»:

Աղբյուր՝ azatutyun.am