Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ժամանել է Բաքու և հանդիպել է Ալիևի հետ

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ժամանել է Բաքու և հանդիպել է Ալիևի հետ
Աշխարհ
11:09, 15 март 2021
ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն երեկ ժամանել է Ադրբեջան: Այսօր նա առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հայտնելով հանդիպման մասին, նշում է, որ քննարկման հիմնական թեման ղարաբաղյան հակամարտությունն ու հետպատերազմական իրողություններն են եղել.

«Մենք արդեն սկսել ենք բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության վերականգնման վերաբերյալ: Սա նոյեմբերի 9-ին ստորագրված  հայտարարության մի մասն է: Բանակցությունների մի քանի փուլեր տարբեր մակարդակներում արդեն կայացել են: Կարծում եմ, որ հենց այս հարցը կարող է ելակետ դառնալ պատերազմի էջն ամբողջությամբ թերթելու և այն անցյալում թողնելու համար»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանային համագործակցության համար կբացի նոր հնարավորություններ:
Ի պատասխան՝ Անն Լինդեն նշել է, որ ԵԱՀԿ-ն «կքննարկի, թե ինչ կարող է անել հակամարտության լուծմանը նպաստելու համար»՝ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, հումանիտար իրավունքի, խաղաղության ու անվտանգության համատեքստում:
ԵԱՀԿ մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Անն Լինդեն Ադրբեջանում, բացի Ալիևի հետ հանդիպումից, հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և վարչապետ Ալի Ասադովի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ԵԱՀԿ շարունակական դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ կկատարվի նաև ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդմանը:
Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության անդամների հետ:
Ադրբեջան այցի ավարտից անմիջապես հետո ԵԱՀԿ գործող նախագահը ժամանելու է Հայաստան,հայտնում է armtimes.am-ը։