Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բանաձեւ է ընդունել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բանաձեւ է ընդունել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի
Աշխարհ
12:40, 18 февраль 2022
Ամերիկայի Միացյալ Նահանգների  Կոնգրեսի Սենատը հինգշաբթի օրը միաձայն ընդունել է Ուկրաինային աջակցող բանաձև: Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերն ասել է, որ ընդունված բանաձևը շատ կարևոր է: Նրա կարծիքով՝ փաստաթղթի հաստատումը նշանակում է, որ ամերիկացի ընդդիմադիր և իշխող օրենսդիրները միասնական են Ուկրաինան պաշտպանելու իրենց ցանկության մեջ։

Բանաձևի տեքստում ասվում է, որ  սենատորները պաշտպանում են՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու Ուկրաինայի իշխանությունների ջանքերը։ Այս կապակցությամբ օրենսդիրներն առաջարկում են Վաշինգտոնին քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին: Դա պետք է ներառի Կիևին զենքի լրացուցիչ մատակարարումները:

Վերջնական տարբերակում  կա հետևյալ հավելումը. «Այս բանաձևում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես պատերազմի հայտարարություն կամ Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական ուժ կիրառելու թույլտվություն»: