Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական հարձակման սպառնալիքը դեռ մնում է, պնդում է Վաշինգտոնը

Ռուսական հարձակման սպառնալիքը դեռ մնում է, պնդում է Վաշինգտոնը
Աշխարհ
13:02, 18 февраль 2022
Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է, որ ռուսական հարձակման սպառնալիքը դեռ մնում է, և Մոսկվան կարող է հարձակվել Ուկրաինայի վրա առաջիկա օրերին։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքը մնում է չափազանց բարձր։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին հայտարարել է երեկ երեկոյան, ընդգծելով, թե այդուամենայնիվ ճգնաժամի դիվանագիտական կարգավորման դռները դեռ բաց են։

Ուկրաինայի հետ կապված սպառնալիքի մակարդակը գնահատելու խնդրանքին Բայդենը երեկ արձագանքել է, թե Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռ ետ չի քաշում զորքերը ուկրաինական սահմաններից, թեև հակառակն է պնդում։ Բայդենի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները հիմքեր ունի կարծելու, որ Մոսկվան ներգրավված է սադրանք նախապատրաստելու մեջ՝ հնարավոր հարձակումն արդարացնելու համար։

Երեկ երեկոյան նույնն է հայտարարել նաև ԱՄՆ պետքարտուղարը։ Փետրվարի 17-ին ուկրաինական ճգնաժամին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Էնթոնի Բլինքենը կոչ է արել Մոսկվային հստակ հայտարարել աշխարհին, որ չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա։ Բլինքենի խոսքով՝ նա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հաջորդ շաբաթ անձնական հանդիպման խնդրանքով նամակ է հղել։ Պետքարտուղարը նշել է նաև, թե Ռուսաստանն այսօր շարժվում է պատերազմի ճանապարհով, մինչդեռ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի լուծման միակ պատասխանատու միջոցը, ըստ Բլինքենի, դիվանագիտությունն է։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նույնպես չի բացառել, որ առաջիկա օրերին ռուսական զորքերը կհարձակվեն Ուկրաինայի վրա, և որ ռազմական գործողությանը որպես պատրվակ կարող է նախորդել ապատեղեկատվական արշավը։
«Ռուսաստանը կուտակել է շուրջ 150 հազար զինվորականներ Ուկրաինայի հետ սահմանին՝ Ռուսաստանում, Բելառուսում և բռնակցված Ղրիմում, ու կարող է հարձակվել առաջիկա օրերին», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։

Հինգշաբթի առավոտից Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականների ներկայացուցիչները պնդում են, որ ուկրաինական զորքերը գնդակոծում են Դոնբասի բնակավայրերը։

Ուկրաինական զորքերի շտաբն էլ հինգշաբթի կեսգիշերին հայտարարեց անջատողականների կողմից լռության ռեժիմի բազմաթիվ խախտումների մասին։

Աղբյուր՝ azatutyun.am