Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիրիան կարող է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը․ hetq.am

Սիրիան կարող է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը․ hetq.am
Աշխարհ
17:33, 22 февраль 2022
Դամասկոսը կարող է շատ շուտով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը։ 

Նա հայտարարել է, որ Դամասկոսը վճռականորեն աջակցում է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման Ռուսաստանի որոշմանը։ «Սիրիայի կողմից Դոնբասի հանրապետությունների անկախության ճանաչման հարցը պետք է անցնի խորհրդարանով և այլ մարմիններով»,- Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Միքդադը։ 

Նա հավելել է, որ ճանաչումը կարող է լինել շատ շուտով։ Միքդադի խոսքով՝ հարցը նախ պետք է ուսումնասիրվի, սակայն Դամասկոսը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ երկու հանրապետությունների հետ վաղուց հարաբերություններ ունի։ 

Նախօրեին Ռուսաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Աշխարհի մյուս գերտերությունները քննադատեցին Մոսկվայի քայլը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ ոչինչ ոչ մեկին տալու չունեն։

Ավելի ուշ, Զելենսկին հայտարարեց, որ դիտարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը։ Իսկ Մոսկվան էլ նշեց, որ ցանկություն չունի խզել հարաբերությունները Կիևի հետ։

Աղբյուր՝ hetq.am