Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կհամակարգենք ջանքերը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու ամուր, միասնական արձագանք կանխելու Դաշինքին ուղղված ցանկացած ագրեսիա․ Ջո Բայդեն

Կհամակարգենք ջանքերը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու ամուր, միասնական արձագանք կանխելու Դաշինքին ուղղված ցանկացած ագրեսիա․ Ջո Բայդեն
Աշխարհ
13:24, 24 февраль 2022
Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Ուկրաինայի վրա Ռուսաստանի՝ «չհրահրված և չարդարացված հարձակման վերաբերյալ»։

«Ամբողջ աշխարհն աղոթում է Ուկրաինայի ժողովրդի համար, որն այսօր չհրահրված և չարդարացված հարձակման է ենթարկվել Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը մարդկային կյանքերի աղետալի կորուստների ու տառապանքների կհանգեցնի։ Այս պատերազմի հետևանքով կորսվող կյանքերի ու ավերածությունների միակ պատասխանատուն Ռուսաստանն է, և Միացյալ Նահանգները և իր Դաշնակիցներն ու գործընկերները միասնական ու վճռական կարձագանքեն։ Աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի։

Այսօր երեկոյան ես Սպիտակ տնից կհետևեմ իրավիճակին և կշարունակեմ պարբերաբար թարմացումներ ստանալ ազգային անվտանգության իմ թիմից։ Վաղն առավոտյան կհանդիպեմ Յոթնյակի իմ գործընկերներին, ապա կխոսեմ ամերիկյան ժողովրդի հետ՝ հայտարարելու այն հետագա միջոցների մասին, որ Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների ու գործընկերների կողմից կպարտադրվեն Ռուսաստանին՝ Ուկրաինայի, գլոբալ խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված այս անհարկի ագրեսիայի համար։ Մենք նաև կհամակարգենք ջանքերը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու ամուր, միասնական արձագանք կանխելու Դաշինքին ուղղված ցանկացած ագրեսիա։ Այսօր ես և Ջիլը աղոթում ենք Ուկրաինայի խիզախ ու հպարտ ժողովրդի համար»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։