Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքը մտել է պաշտպանական փուլ. Կիևի քաղաքապետ

Քաղաքը մտել է պաշտպանական փուլ. Կիևի քաղաքապետ
Աշխարհ
17:53, 25 февраль 2022
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընկերներ, իրավիճակը բարդ է և լարված.

Այսօր ռուսական բանակը հարձակվել է Կիևի վրա։ Առավոտյան չորսից հետո հրթիռային հարվածներ են հասցվել Կիևի բնակելի թաղամասերին։ Հրթիռի կործանման հետևանքով վնասվել է Կոշիցկա փողոցի 7-Ա տունը։ Տուժել են տան չորս բնակիչները։

Նաև ռուսական զրահատեխնիկայի ժամանման կապակցությամբ Օբոլոնում իր սեփական մեքենայում վիրավորվել է քաղաքացիական անձ՝ տարեց տղամարդ։ Նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ 

Ակտիվ ռազմական գործողությունների մոտեցման կապակցությամբ քաղաքային իշխանությունները կոչ են անում Օբոլոնսկի շրջանի բնակիչներին փողոց դուրս չգալ, քանի որ դա վտանգավոր է:

Մնացեք տանը կամ ապաստարանում: Դուք կարող եք դուրս գալ միայն այն դեպքում, եթե շարժվում եք դեպի ապաստարան՝ օդային հարձակման ազդանշան լսելիս:

Կոչ եմ անում նաև Կիևի մյուս թաղամասերի բնակիչներին չլքել տները և ապաստարանները, որպեսզի վտանգի մեջ չհայտնվեք:
Քաղաքը մտել է պաշտպանական փուլ։ Այժմ մայրաքաղաքի որոշ հատվածներում կրակոցներ ու պայթյուններ են։ Ուկրաինացի զինվորականները ոչնչացնում են ռուսների դիվերսիոն խմբերը:

Մենք պետք է պահենք մայրաքաղաքը, որը թշնամին ցանկանում է ծնկի բերել և ոչնչացնել։

Միացե՛ք բոլոր նրանք, ովքեր կարող են պաշտպանել քաղաքը և օգնել մեր զինվորներին։ Զինված ուժերն այսօր հերոսություն և անձնազոհություն են ցուցաբերում՝ մեզ և ձեզ համար, մեր երկրի համար։

Ուկրաինական բանակը պահում է Կիևի շուրջ պաշտպանությունը: Իրավիճակը բարդ է: Բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին։

Մենք աջակցում ենք նրանց և օգնում ամեն կերպ»։