Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին՝ Ջոնսոնին. «Հաջորդ 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի համար»

Զելենսկին՝ Ջոնսոնին. «Հաջորդ 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի համար»
Աշխարհ
10:34, 28 февраль 2022
Փետրվարի 27-ի երեկոյան Ուկրաինայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Զելենսկին Ջոնսոնին ասել է, որ առաջիկա 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի համար, գրել է նա Twitter-ի իր էջում։

«Ես խոսել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ՝ անվտանգության ներկա իրավիճակի մասին։ Մենք պայմանավորվեցինք ագրեսորին հակազդելու հետագա ընդհանուր քայլերի մասին։ Հակապատերազմական կոալիցիան գործողության մեջ է։

Ջոնսոնի մամուլի ծառայությունը հայտարարել է հետևյալը․ «Նախագահ Զելենսկին ասել է, որ կարծում է՝ առաջիկա 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի համար, և վարչապետն ասել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի Ուկրաինային պաշտպանական օգնություն Մեծ Բրիտանիայից և դաշնակիցներից»։

Ջոնսոնն ուկրաինացի ժողովրդի դիմադրությունն անվանել է հերոսական։

Հիշեցնենք՝ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 40 միլիոն ֆունտ (մոտ 53 միլիոն դոլար) օգնություն՝ ռուսական ներխուժման հետևանքով առաջացած հումանիտար աղետից խուսափելու համար։