Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի երեք երկիր Ուկրաինային են փոխանցում 70 ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել Լեհաստանում

ՆԱՏՕ-ի երեք երկիր Ուկրաինային են փոխանցում 70 ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել Լեհաստանում
Աշխարհ
14:19, 01 март 2022
Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան Ուկրաինային են փոխանցում 70 ռազմական ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել Լեհաստանի օդանավակայաններում։ 

Այս մասին հայտնում է Panorama.am-ը: 

Երեքշաբթի օրը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
«70 ինքնաթիռ՝ ուկրաինական բանակի համար: Մեր գործընկերները մեզ տալիս են ՄիԳ-29 և Սու-25: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են տեղակայվել Լեհաստանի օդանավակայաններում, որտեղից ուկրաինացի օդաչուները մարտական առաջադրանքներ կկատարեն»,-հայտնում է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ Բուլղարիան Ուկրաինա է փոխանցել 16 ՄիԳ-29 կործանիչ և 14 Սու-25 գրոհային ինքնաթիռ, Լեհաստան՝ 28 ՄիԳ-29, Սլովակիա՝12 ՄիԳ-29։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են Ուկրաինային տրամադրել 450 միլիոն եվրոյի զենք, Բորելը նաև ասել է, որ ԵՄ-ն ռազմական ինքնաթիռներ կմատակարարի Ուկրաինային։

Սակայն դեռ երկուշաբթի օրը ասուլիսի ժամանակ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը կտրուկ հայտարարել էր, որ մտադիր չէ ինքնաթիռներ ուղարկել Ուկրաինա։ «Մենք քիչ թվով ինքնաթիռներ ունենք, և դրանք ոչ մեկին չենք կարող փոխանցել, դրանց թիվը բացարձակապես բավարար չէ մեր երկինքը պաշտպանելու համար, և այն պնդումը, որ մենք կտանք այս պահին, անհեթեթ է»,-ասել նա։