Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցություններում Ռուսաստանն անիրատեսական պահանջներ է դնում․ Էրդողանի խոսնակ

Բանակցություններում Ռուսաստանն անիրատեսական պահանջներ է դնում․ Էրդողանի խոսնակ
Աշխարհ
14:44, 02 март 2022
Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության, կողմերի բանակցությունների և ռուս-թուրքական անհամաձայնությունների մասին: Այս մասին նշում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների 2-րդ փուլը, որը սպասվում է մարտի 2-ին, մեծ հավանականությամբ հնարավոր չի լինի կազմակերպել, քանի որ սպասվում է ռազմական գործողությունների սրացում:

«Մեծ հավանականությամբ կարող է 1-2 օր հետաձգվել: Մենք կապի մեջ ենք պատվիրակությունների հետ»,- ասել է Քալընը՝ ավելացնելով, որ բանակցությունները չեն կարող արդյունք տալ, եթե դրանք արվեն ժամանակ շահելու նպատակով:

Խոսելով բանակցություններում ՌԴ-ի պահանջների մասին՝ Քալընն ասել է. «Բանակցությունները հեշտ չեն ընթանում: Ռուսաստանը անիրատեսական պահանջներ ունի, ինչպիսիք են Ղրիմի ճանաչումը և Ուկրաինայի զինաթափումը: Մեր տեսանկյունից այդ պահանջների ընդունումը հնարավոր չէ: Մենք կենտրոնանում ենք պատերազմի ավարտի, բանակցություններում զինադադարի որոշման ու հումանիտար միջանցքի բացման վրա»:  

Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների ու դրանցում առկա անհամաձայնությունների մասին էլ Քալընն ասել է. «Այս հարաբերությունները մենք ենք ստեղծել: Չենք ասել՝ Ռուսաստանի հետ այսպիսի հարաբերությունների մեջ չմտնենք, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ ենք: Մենք էլ Ռուսաստանի հետ որոշ հարցերում անհամաձայնություն ունենք: Սիրիայում, Լիբիայում չենք կարողանում համաձայնության գալ: Ղրիմի անեքսիան չենք ճանաչում: Բայց դա մեզ չի դրդել սառը պատերազմի: Մենք ցույց տվեցինք, որ այդ հարցերը դիվանագիտությամբ են լուծվելու»: