Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում․ Կլիչկո

Կիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում․ Կլիչկո
Աշխարհ
15:59, 07 март 2022
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մայրաքաղաքի մոտ կատաղի մարտեր են ընթանում, մասնավորապես, ռուսական զորքերը ոչնչացնում են Կիևի շրջանի քաղաքները՝ Բուչա, Գոստոմել, Վորզել, Իրպին և նպատակաուղղված սպանում խաղաղ բնակիչներին։

«Կիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում։ Հակառակորդը առանձնակի կատաղությամբ ոչնչացնում է Բուչային, Գոստոմելին, Վորզելին, Իրպինին։ Նրանք նպատակաուղղված սպանում են խաղաղ բնակիչներին։ Գոստոմել համայնքի նախագահ Յուրի Պրիլիպկոն մահացել է, երբ հաց ու դեղ էր բաժանում մարդկանց։ Սա իմ գործընկերն է, ում ես լավ գիտեմ քաղաքների ասոցիացիայից մեր համագործակցության շրջանակներում», – ասել է Կլիչկոն Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։
]
Կլիչկոն նաև նշել է, որ մայրաքաղաքը մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինայի այլ քաղաքներ։

«Կիևը մարդասիրական օգնություն է ուղարկել Չեռնիգով: Մենք փորձում ենք այն հասցնել Բուչա և Գոստոմել: Հումանիտար մատակարարումներ ենք կազմում մի քանի այլ քաղաքների համար: Մայրաքաղաքը պատրաստվում է պաշտպանության: Ես խնդրում եմ բոլոր կիևցիներին հանգստություն պահպանել: Մնացեք տանը կամ… ահազանգի դեպքում՝ ապաստարաններում, Կիևը կկանգնի, մենք միասին կդիմակայենք, փառք Ուկրաինային»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։