Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովի՝ ինձ փոխանցած նարատիվն այն է, որ կշարունակեն ագրեսիան, մինչև Ուկրաինան չբավարարի իրենց պահանջները․ այդ պահանջները բավարարելը նշանակում է հանձնվել․ Կուլեբա

Լավրովի՝ ինձ փոխանցած նարատիվն այն է, որ կշարունակեն ագրեսիան, մինչև Ուկրաինան չբավարարի իրենց պահանջները․ այդ պահանջները բավարարելը նշանակում է հանձնվել․ Կուլեբա
Աշխարհ
15:39, 10 март 2022
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցության ժամանակ քննարկվել են ավելի լայն հարցեր, ինչպիսին է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, ասաց․
«Ոչ, նախարար Լավրովն ասաց, որ բոլոր այս հարցերը պետք է քննարկել այլ կերպ` այսպես կոչված, «բելառուսական բանակցություններում»: Նրա՝ ինձ փոխանցած ավելի լայն նարատիվն այն է, որ նրանք կշարունակեն իրենց ագրեսիան, մինչև Ուկրաինան չբավարարի նրանց պահանջները»։

Կուլեբայի խոսքով՝ այդ պահանձները բավարարելը նշանակում է հանձնվել, դրա համար էլ դա Ուկրաինայի համար անընդունելի է։
Անդրադառնալով բանակցությունների ընթացքում Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և Դոնբասում ՌԴ-ի ինքնիշխանության ճանաչումը քննարկելու մասին հարցին՝ Կուլեբան նշեց․
«Նա (Լավրովը- խմբ․) այդ մասին հիշատակեց շատ կարճ՝ առանց քննարկման մեջ մտնելու։ Նա ասում է, որ այս հարցերը պետք է քննարկվել երկու պատվիրակությունների միջև, այսպես կոչված, «բելառուսական բանակցություններում»։ Ես նրան բացահայտ ասացի, որ իմ կարծիքով՝ արգործնախարարները լիազորված են քննարկելու ցանկացած տեսակի հարցեր և գտնելու անհրաժեշտ լուծումները։ Չնայած, թվում է, թե նա այլ պատկերացում ունի արտգործնախարարի դերի մասին այս ճգնաժամում»։

Պատասխանելով, թե ինչ կոնկրետ քայլեր են ակնկալում ՌԴ-ից հումանիտար հարցերի վերաբերյալ, Կուլեբան նշեց․ «Ես շատ պարզ առաջակ արեցի․ ասացի․ «Բոլորիս մոտ կան սմարթֆոններ, ես կարող եմ հենց հիմա զանգել մեր պաշտոնյաններին՝ նախագահին, վարչապետին, գերագույն հրամանատարին, և 100%-ով երաշխավորում եմ, որ նրանք կտան բոլոր հավաստիացումները, որ մարդասիրական միջանցքները կաշխատեն, կարո՞ղ եք Դուք էլ (Լավրովը- խմբ․) նույնն անել»։ Նա չպատասխանեց այդ հարցին»։

Թարգմանությունը՝ infocom.am