Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչնչացվել են մեծաթիվ ԱԹՍ-ներ, ներառյալ՝ «Բայրաքթար». ՌԴ ՊՆ-ն հայտնում է Վոլնովախայի գրավման ու առաջընթացի մասին

Ոչնչացվել են մեծաթիվ ԱԹՍ-ներ, ներառյալ՝ «Բայրաքթար». ՌԴ ՊՆ-ն հայտնում է Վոլնովախայի գրավման ու առաջընթացի մասին
Աշխարհ
13:28, 11 март 2022
Դոնեցկի վերահսկողության տակ է անցել ուկրաինական Վոլնովախա քաղաքը։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մի խումբ զորքեր ազատագրել են Վոլնովախա քաղաքը, վերահսկողության տակ են վերցվել նաև Օլգինկա, Վելիկո-Անադոլ, Զելոնի Գայ բնակավայրերը, խորությամբ առաջխաղացումը կազմել է մինչև 6 կմ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի ստորաբաժանումները շարունակել են խստացնել շրջապատումը Մարիուպոլում։ Արևելյան, հյուսիսային և արևմտյան ուղղություններից ընդհանուր առաջխաղացումը կազմել է մինչև 800 մ։

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով հարձակողական գործողությունները, հասել են Պետրովսկոյե-Եվգենովկա-Օկտյաբրսկոյե գիծ։ Առաջխաղացումը 17 կմ է։

Կոնաշենկովն ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով հարվածներ են հասցրել Լուցկի և Իվանո-Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայաններին՝ շարքից հանելով դրանք:

Բացի այդ, Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական ավիացիան և հակաօդային պաշտպանությունը մեկ օրում խոցել են ուկրաինական երեք Մի-24 ուղղաթիռներ, ութ անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հինգ Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքեր։

Ըստ գեներալի՝ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրում ոչնչացրել է ուկրաինական զինված ուժերի 107 օբյեկտ՝ վեց հրամանատարակառավարման և կապի կենտրոն, 14 զինամթերքի, վառելիքի և քսանյութերի պահեստ, 11 ռազմական տեխնիկայի կուտակման տարածք։

Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գործողության ընթացքում շարքից հանել են ընդհանուր առմամբ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3213 օբյեկտ։

«Ոչնչացվել են 98 ինքնաթիռ, 118 անօդաչու թռչող սարք, 1041 տանկ և այլ զրահատեխնիկա, 113 բազմակի հրթիռային համալիր, 389 դաշտային հրետանի և ականանետ, 843 միավոր հատուկ ռազմական մեքենա»,- ասել է նա։