Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Աշխարհ
14:44, 15 март 2022
Եվրամիությունը տնտեսական և անհատական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի հավելումն նախորդ միջոցների, որոնք կիրառվել էին Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման պատճառով։

Արգելվում են գործարքները ռուսական պետական որոշ ձեռնարկությունների հետ, ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտ, ասված է Եվրախորհրդի կայքում։

Առևտրային սահմանափակումներ են մտցվել նաև պողպատե և երկաթե արտադրանքի ներմուծման, ինչպես նաև շքեղ ապրանքների (luxury goods)՝ Ռուսաստան արտահանման համար։

Վարկանիշային գործակալություններին արգելվել է վարկային վարկանիշի սահմանման ցանկացած ծառայություն մատուցել Ռուսաստանի հետ կապված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի։

Ընդլայնվել է նաև Ռուսաստանի  պաշտպանական և արդյունաբերական ոլորտի հետ կապված անձանց ցուցակը, որոնց նկատմամբ արտահանման կոշտ սահմանափակումներ են գործում երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև այն ապրանքների և տեխնոլոգիաների մասով, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական կատարելագործմանը։

Բացի այդ` Եվրախորհուրդը որոշել է պատժամիջոցներ սահմանել նաև այն առանցքային օլիգարխների, լոբբիստների և պրոպագանդիստների նկատմամբ, որոնք առաջ են մղում Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ կրեմլյան դիրքորոշումը, ինչպես նաև ավիացիայի, ռազմական, նավաշինական և մեքենաշինական ոլորտների առանցքային ընկերությունների նկատմամբ։

«Պատժամիջոցների այս չորրորդ փաթեթը ևս մեկ հարված է այն տնտեսական և լոգիստիկ բազային, որի վրա հիմնվում էր Ռուսաստանը՝ ներխուժումն Ուկրաինա ապահովելու համար։ Պատժամիջոցների նպատակն այն է, որ նախագահ Պուտինը դադարեցնի այս անմարդկային և իմաստազուրկ պատերազմը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը։