Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաագայի միջազգային դատարանը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը

Հաագայի միջազգային դատարանը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը
Աշխարհ
23:16, 16 март 2022
ՄԱԿ-ի դատարանը մարտի 7-ին սկսել է Ուկրաինայի հայցի քննությունն ընդդեմ Ռուսաստանի

Հաագայի միջազգային դատարանը որոշել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում։ Դատարանը պահանջել է նաև Մոսկվայից և Կիևից զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը։

ՄԱԿ-ի դատարանը մարտի 7-ին սկսել է Ուկրաինայի հայցի քննությունն ընդդեմ Ռուսաստանի։ Կիևը Մոսկվային մեղադրել է ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիան սխալ մեկնաբանելու մեջ։ Ըստ հայցվորի դիրքորոշման՝ կոնվենցիայի չարաշահումը ՌԴ իշխանությունների կողմից օգտագործվել է ուկրաինական տարածք ներխուժելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականից մինչև Ուկրաինայի հետ պատերազմի սկիզբը ուկրաինական Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները սահմանելու համար բազմիցս օգտագործել է ցեղասպանություն եզրույթը։ Կիևը դատարանին խնդրում է միջանկյալ միջոցներ ձեռնարկել հայցի վերաբերյալ և Ռուսաստանից պահանջել դադարեցնել ռազմական ներխուժումը։

Դատարանը ոչ մի ապացույց չի գտել, որ Ուկրաինան իր տարածքում ցեղասպանություն է իրականացնում։

Մեկնաբանելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին ասել է, որ Կիևը լիակատար հաղթանակ է տարել Ռուսաստանի դեմ գործում։

Ռուսաստանը փետրվարի 24-ին իր զորքերը մտցրեց Ուկրաինայի տարածք՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան երեք միլիոն ուկրաինացիներ լքել են իրենց տները։