Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանը միշտ բաց է Հայաստանի հետ բանակցությունների համար»․ Ջեյհուն Բայրամով

«Ադրբեջանը միշտ բաց է Հայաստանի հետ բանակցությունների համար»․ Ջեյհուն Բայրամով
Աշխարհ
12:52, 04 апрель 2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը միշտ բաց է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար։

«Մենք կարծում ենք՝ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը, որը նախատեսված է ապրիլի 6-ին, բանակցությունների ևս մեկ հնարավորություն է»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը բացահայտ հայտարարել է իր դիրքորոշումը․ «Կարծում եմ, որ առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանը որքան լուրջ է վերաբերվում այս հարցին, որքան է պատրաստ առաջ գնալ։ Ադրբեջանի մոտեցումը դրան համարժեք կլինի»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։