Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երիտասարդը կրակ է բացել Տեխասի տարրական դպրոցում. զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա

Երիտասարդը կրակ է բացել Տեխասի տարրական դպրոցում. զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա
Աշխարհ
11:51, 25 май 2022
18-ամյա Սալվադոր Ռամոսը մայիսի 24-ին կրակ է բացել Տեխաս նահանգի Ուվալդ քաղաքի տարրական դպրոցում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Ռամոսը Յուվալդայի հիմնական դպրոցի շենք է մտել տեղական ժամանակով մոտավորապես 11:30-ին (ՀՀ  ժամանակով 20:30-ին): Նա անկանոն կրակոցներ է արձակել աշակերտների ու ուսուցիչների ուղղությամբ։

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն ասել է, որ տղամարդը զինված է եղել ատրճանակով և ինքնաձիգով, նա կրել է մեծ ուսապարկ և եղել է զրահաբաճկոնով։

Հասնելով դեպքի վայր՝ իրավապահները փոխհրաձգության մեջ են մտել Ռամոսի հետ։ Արդյունքում նա  վնասազերծվել է, աբյց այդ գործողության ընթացքում  վիրավորվել է առնվազն երկու իրավապահ։

Քաղաքի ոստիկանության վարչության ներկայացուցիչ Փիթ Արեդոնդոն ասել է, որ հրաձիգը գործել է միայնակ: Նրա արարքի դրդապատճառները դեռ պարզ չեն։

Կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 19 երեխա և երկու մեծահասակ, որոնցից մեկը ուսուցիչ էր։

13 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց՝ տարբեր աստիճանի վիրավորնումներով: Նրանցից երկուսին տեղափոխել են Սան Անտոնիո քաղաքի հիվանդանոց։ Բացի այդ, հրազենային վնասվածք է ստացել դպրոցի 45-ամյա մի աշխատակից։ Նրանց վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։

Նահանգի սենատոր Ռոլան Գուտիերեսը հայտարարել է, որ դեպքից քիչ առաջ Ռամոսը  կրակել է իր տատիկի վրա։ Նրա խոսքով՝ կինը հոսպիտալացվել է, նրա վիճակը չի հաղորդվում։

Դեպքից երեք օր առաջ երիտասարդը AR-15 կիսաավտոմատ ինքնաձիգների լուսանկարները հրապարակել է Ինստագրամի օգտահաշվում, հայտնում է CNN-ը։ . Ենթադրաբար նա դրանք ձեռք է բերել իր 18-ամյակի կապակցությամբ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Նա հրահանգել է խոնարհել կառավարական շենքերի դրոշները՝ ի հիշատակ հրաձգության զոհերի: Սա վերաբերում է նաև բոլոր ռազմակայաններին և ռազմածովային նավերին։

Դիմելով ամերիկացիներին ողբերգության հետ կապված՝ նախագահը կոչ է արել մարտահրավեր նետել զենքի լոբբիին՝ նշելով, որ «զանգվածային կրակոցների նման դեպքեր աշխարհում այլուր հազվադեպ են լինում»։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ անհրաժեշտ է «յուրաքանչյուր ընտրված պաշտոնյային հասկացնել, որ եկել է գործելու ժամանակը»։

Ամերիկացիներին զենք գնելու և կրելու իրավունքը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությամբ, դեմոկրատ Բայդենը պաշտպանում է հրազենի վաճառքի վերաբերյալ ավելի կոշտ օրենքներ:

Զենքի թույլտվության մասին երկու համապատասխան օրինագծեր հաստատվել են 2021 թվականի մարտին Ներկայացուցիչների պալատի կողմից, որը վերահսկվում է դեմոկրատների կողմից, սակայն երկու փաստաթղթերն էլ չեն անցել Սենատ, որտեղ դեմոկրատներն ու հանրապետականներն ունեն հավասար թվով տեղեր։

Յուվալդայի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը հանգեցրել է ամենաբարձր թվով զոհերի՝ համեմատած 2012 թվականի դեկտեմբերի 14-ից ի վեր նմանատիպ դեպքերի հետ: