Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանում մեկնարկել են Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիայի կարգավորման բանակցությունները

Ղազախստանում մեկնարկել են Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիայի կարգավորման բանակցությունները
Աշխարհ
16:33, 15 июнь 2022
Ղազախստանում այսօր մեկնարկել են Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիայի կարգավորման բանակցությունները, որոնց մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները։

Նուր-Սուլթանի բանակցություններից առաջ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևն ընդգծել էր, որ օրակարգում է նաև Իսրայելի կողմից սիրիական օդանավակայանի գնդակոծման հարցը։

«Իհարկե, մենք կքննարկենք Իսրայելի կողմից Սիրիայի ուժեղացված գնդակոծման հարցը։ Դա անընդունելի է։ Ավելին, հարձակում է կատարվել միջազգային օդանավակայանի վրա և ավերվել է թռիչքուղին, ինչը թույլ չի տալիս իրականացնել և ընդունել միջազգային թռիչքներ և ապահովել Սիրիայի քաղաքացիների տարանցումն ու ժամանումը արտերկրից», - նշել է Լավրենտևը։

Կրեմլը, սակայն, քննադատում է ոչ միայն Իսրայելի, այլ նաև Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում, իսկ Սիրիայում հատուկ գործողություն անցկացնելու մասին Թուրքիայի նախագահի որոշումն անցանկալի է համարում։

Էրդողանը մայիսի վերջին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում քրդական բանվորական կուսակցության դեմ նոր հատուկ գործողության մասին։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Լավրենտևի խոսքով՝ դա կարող է տարածաշրջանում հակամարտության սրացում հրահրել։ Ընդ որում՝ ռուսական կողմը շեշտում է, որ չնայած Ուկրաինայում ընթացող այսպես կոչված «հատուկ օպերացիային», Սիրիան մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում։

Լավրենտևը Նուր-Սուլթանում այսօր մեկնարկած բանակցություններից առաջ խոսել է նաև այդ մասին. «Շատերն ասում են, թե Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի ուշադրությունը Սիրիայի նկատմամբ թուլացել է։ Եվրոպական մի շարք երկրներ ցանկանում են տեսնել Սիրիայում իրավիճակի զարգացումը ըստ իրենց օրինաչափությունների։ Այդպես չէ․ Սիրիայի կարգավորումը նախկինի պես առաջնահերթություն է ռուսական քաղաքականության համար»:

Վերջին շաբաթներին տարածաշրջանի մի շարք երկրներ, մասնավորապես, Իսրայելը և Հորդանանը Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին նույնպես մտահոգություն են հայտնել Սիրիայում ռուսական ներկայության ճակատագրի վերաբերյալ։ Այս երկրները կարծում են՝ քանի դեռ Ռուսաստանն այժմ զբաղված է Ուկրաինայով, Սիրիայում կմեծանա Իրանի դերը:

azatutyun.am