Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման մեկ դեպք

Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման մեկ դեպք
Աշխարհ
18:51, 15 июнь 2022
Վրաստանի լաբորատորիաները հաստատել են հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակի առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնին:

«Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից։ Նա ճանապարհորդել է Եվրոպայում։ Մշտադիտարկվել են նաև շփումները, որևէ այլ դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը անհրաժեշտության դեպքում կշարունակի կասկածելի դեպքերի հետաքննությունը»,- հայտարարել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում։

Կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ասել է, որ Առողջապահության նախարարությունն արդեն կարգադրել է բոլոր բուժհաստատություններին՝ հատուկ ուշադրություն դարձնել հիվանդների մարմինների վրա արտասովոր ցաներին և հայտնել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն։