Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ. Լավրով

Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ. Լավրով
Աշխարհ
14:21, 24 июнь 2022
Ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կիսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանը «հրաժեշտ տալու» անհրաժեշտության մասին, Լավրովը պատասխանել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում այդ խմբի աշխատանքը չի շոշափվել:

«Սկզբունքորեն, մենք չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ։ Բայց, իհարկե, մենք քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները։ Եվ այս նոր գործընթացների հիմքում ընկած է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարությունները», - ասել է նա։