Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Յոհանեսբուրգ քաղաքի բարերից մեկում անկանոն կրակոցների հետևանքով 15 մարդ է մահացել

Յոհանեսբուրգ քաղաքի բարերից մեկում անկանոն կրակոցների հետևանքով 15 մարդ է մահացել
Աշխարհ
15:16, 11 июль 2022
Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքի Սոուէտո արվարձանում գտնվող բարում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 9 վիրավորվել են, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հուլիսի 10-ին վաղ առավոտյան միկրոավտոբուսը մոտեցել է Սոուէտոյի ամենաաղքատ շրջաններից մեկում գտնվող բարին, միկրոավտոբուսից դուրս են եկել մի խումբ զինված մարդիկ և սկսել  ատրճանակներով կրակել այցելուների վրա։

Գաուտենգ նահանգի ոստիկան Էլիաս Մավելան հայտնել է, որ բարում հայտնաբերված պարկուճների քանակը և դիրքավորումը ցույց է տալիս, որ հարձակվողները կրակել են «անխտիր՝ հնարավորինս շատ մարդկանց սպանելու համար», փոխանցում է հարավաֆրիկյան SABC հեռուստաալիքը: Մահացածները և վիրավորները  19-ից 35 տարեկան են եղել։

Սակայն, սա վերջին շրջանում հանրապետությունում տեղի ունեցող առաջին նման դեպքը չէ։ Ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի 10-ի գիշերը Յոհանեսբուրգից 490 կմ հեռավորության վրա գտնվող Պիտերմարիցբուրգ քաղաքի բարում չորս մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել։ Սոուէտոյում տեղի ունեցած հրաձգությունից մի քանի ժամ առաջ հրաձգություն է տեղի ունեցել նաև Կատլեհոնգ քաղաքի բարերից մեկում։ Երկու մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել։ Միևնույն ժամանակ ոստիկանությունը բացառում է, որ այս  երեք միջադեպերը առնչություն ունեն միմիանց հետ: